«Պատգամավորին պետք է խրախուսել ու այդ կարգի մարդկանց արձան է պետք կառուցել». Համբարձումյանի քույրը՝ «Սլավմեդ»-ում տեղի ունեցած դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել էր 28-ամյա ծննդկան: Գրել էինք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադի ընտանիքին: Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Սլավ մոթորս» ընկերությամբ եւ «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով: Նրանք, սակայն, վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաեւ առողջապահության ոլորտում:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28-ին «Սլավմեդ»-ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը: Նախօրեին էլ գրանցվեց նոր մահվան դեպք: Թե ինչու են «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվում այդպիսի դեպքեր, փորձեցինք պարզել ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի քրոջից՝ Արմինե Հովակիմյանից, ով բժշկական կենտրոնի տնօրենն է:

-Տիկի՛ն Հովակիմյան, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է՝ արձանագրվում է ծննդկանի մահվան դեպք, անգամ առողջապահության նախարարի հրահանգով ստուգումներ են սկսվել: Ունե՞ք հարցի պատասխանը, թե որտեղ եք թերանում:

-Մեզ, չգիտեմ, ինչ են ներկայացնում, «Սլավմեդ»-ը եւ մեր գրուպը միշտ աչքի է ընկել լավ բաներով, եւ թացը չորից պետք է տարբերեն, ոչինչ, ժամանակը տեղը կգցի: Տեղի ունեցած դեպքերի մասով կարող եմ ասել՝ այդ ցավը ծննդկանների հարազատներից հետո մերն է լինում:

-Միգուցե Դուք եւս շատ եք ցավում, բայց ԲԿ-ի ղեկավարության խնդիրը ոչ թե ցավելն է, այլ նման դեպքերի բացառումն ու որակյալ բժշկական ծառայությունների ապահովումը…

-Հանձնաժողով, իհարկե, պետք է կազմվի, եւ դա իմ խնդրանքով էլ է լինում: Հիմա հանձնաժողովը իր աշխատանքը անում է, եւ, իհարկե, մենք չենք խոչընդոտում իրենց աշխատանքին:

-Տեղի ունեցած դեպքերում Ձեր բժիշկների մեղքի բաժինը չեք տեսնո՞ւմ կամ Ձեր՝ որպես տնօրենի:

-Հիվանդանոցի հետ կապված ոչ մի բան չեմ կարող ասել, չեմ տեսնում, իսկ բժիշկների հետ կապված ես ինքս բժիշկ եմ, բայց ուզում եմ ասել, որ «Սլավմեդ»-ի սեփականատերը բժիշկ է, եւ ես իմ մասնագիտությամբ սրտաբան եմ, այն էլ երկար տարիների փորձ ունեցող: Իմ եղբոր անունն են շահարկում, իմ եղբայրն է վիրահատություն անո՞ւմ, ընդհանրապես, պատգամավորին պետք է խրախուսել ու այդ կարգի մարդկանց արձան է պետք կառուցել, քանի որ բարեգործություն են անում: Իսկ բժիշկը եթե սխալ է արել, թող քննությունը գնա, եւ պատասխանը լինի, մենք չենք որոշում, երբ դեպք է լինում, կազմվում է քննություն, եւ պատասխանը տալիս է վերջնական դատաբժշկական փորձաքննությունը:

-Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ ԲԿ-ում իրականացվող ստուգումների արդյունքում կարող են թերություններ հայտնաբերվել, եւ պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա:

-Իհարկե, ոչ, բոլոր հիվանդանոցներում էլ լինում եմ տասնյակ, հազարավոր նման դեպքեր:

-Ձեր եղբորը խնդրի մասին տեղյակ պահե՞լ եք: Շատերը այն կարծիքի են, որ իրավապահները՝ հաշվի առնելով, որ ԲԿ-ն նրան է պատկանում, չեն համարձակվում կենտրոնի գործունեությունը կասեցնել:

-Ինչու պետք է տեղյակ պահենք, ի՞նքն է անում այդ վիրահատությունը, ինչու են իր անունը շահարկում: Կրկնում եմ՝ հարազատներից հետո մեծ ցավը մերն է, իհարկե, ստուգումները անցկացնում են, մտավախություն չունենք, եթե թերություններ կտեսնեն, մենք լսելու սովորություն ունենք:

-Բայց Ձեր լսելու սովորությունը կարծում եք՝ բավարա՞ր է, իսկ ի՞նչ կասեք պատասխանատվության մասին, չէ որ երիտասարդ կանայք են մահացել:

-Բժշկության մեջ ամեն ինչ այդքան պարզ չի, եթե ամեն ինչ հեշտ լիներ, այսպիսի դեպքեր չէին լինի:

-Տեղեկություններ կան, որ առաջիկայում կարող է կասեցվել ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես:

-Բոլոր հիվանդանոցներում նման դեպքեր լինում են, հոգեբանական պահը մի կողմ դրած, այնպես չի, որ միայն «Սլավմեդ»-ում են նման դեպքեր եղել, եթե փակում են, թող բոլորը փակեն: Մենք էլ ենք շատ ուզում իմանալ՝ ինչն է պատճառը: Իսկ Համբարձումյանի անունը շահարկողները պետք է մարդուն իմանան, նոր խոսեն, էլի եմ ասում՝ թացը չորից տարբերեն: Կրկնում եմ՝ հիվանդանոցի սեփականատերը եւ տնօրենը ես եմ, Համբարձումյանին հանգիստ թողե՛ք:

Հ. Գ. Հավելենք, որ ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս