Հուլիսի 17-ից Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հանգուցալուծման շուրջ տարվող բանակցությունների ընթացքում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքերը վայր դնելու դեպքում պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Գարեգին Չուգասզյանը հարցազրույցներից մեկում հայտնել էր. «Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը»:
Արդյո՞ք Սերժ Սարգսյանը մտադիր է այսօր հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին, ArmLur.am-ը փորձեց պարզել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից:
-Պարոն Հակոբյան, Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հանգուցալուծման շուրջ տարվող բանակցությունների ընթացքում հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սէֆիլյանին: Առաջիկայում նման հանդիպման սպասե՞նք:
-Իրավիճակները հիմնականում պարզաբանված են, նախագահի երկու ելույթները կան այդ թեմաներով, դրան ավելացնելու բան չունենք:
-Բայց հետեւելով Սերժ Սարգսյանի ելույթներին այդպես էլ չի հստակեցվում` ի վերջո հանդիպում տեղի կունենա՞ թե ոչ:
-Ես ասեցի: Հիմք ընդունեք նախագահի երկու ելույթները:
Արփինե Թովմասյան