«Բեկոն պրոդուկտ»-ը Վրաստանում կսկսի երշիկ արտադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երշիկեղենի արտադրությամբ զբաղվող «Բեկոն պրոդուկտ» ՍՊ ընկերության մասնակիցների այս տարվա հուլիսի 7-ի կայացած արտահերթ ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին: Այն իրականացվելու է մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքների նվազեցման ճանապարհով: Որոշման համաձայն՝ կանոնադրական կապիտալը նվազել է 287,5 մլն դրամով եւ կկազմի 120 մլն դրամ:

Բացի այս, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության պարտատերերն իրավունք ունեն կանոնադրական կապիտալը նվազեցնելու վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից 30 օրվա ընթացքում պահանջել իրենց նկատմամբ ընկերության պարտավորությունների վաղաժամկետ դադարում կամ կատարում, ինչպես նաեւ` իրենց վնասների հատուցում: Նշենք, որ «Բեկոն պրոդուկտ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին եւ զբաղվում է մսամթերքի եւ կիսաֆաբրիկատների արտադրությամբ:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մետաքսյա Հարությունյանի հետ:

-Տիկի՛ն Հարությունյան, «Բեկոն պրոդուկտ» ընկերությունը արտահերթ ժողով գումարելու արդյունքում որոշել է իր կանոնադրական կապիտալը 287.5 մլն դրամով նվազեցնել: Արդյո՞ք սա նշանակում է, որ ընկերությունը գնում է սնանկացման ճանապարհով:

-Ո՛չ, ո՛չ: Սա ուղղակի օրենսդրական պահանջ է, որովհետեւ տարեվերջյան իրավիճակով ինձ մոտ այդպես էր ստացվել: Այն ունի լուրջ ֆինանսական վերլուծության հարց: Եւ մեկ ամիս անց կանոնադրական կապիտալը նորից համադրելով՝ բարձրանալու է: Ոչ մի խնդիր չկա: Անհոգ եղեք:

-Այսինքն՝ ընկերությունը ֆինանսական խնդիրներ չունի՞:

-Ո՛չ, չունի: Մեկ ամիս հետո կտեսնեք նոր հայտարարություն՝ կանոնադրական կապիտալի ավելացման եւ համալրման մասին, ուղղակի ես պետք է մեկ ամիս սպասեմ: Իսկ պարտատերերի մասով կարող եմ ասել, որ ոչ մեկի հանդեպ պարտավորություն չունենք: Սա ուղղակի օրենսդրական պահանջն է: Այնտեղ ֆինանսական հաշվետվություններով այդպես էր երեւում, որ ընկերության կանոնադրական կապիտալը, որը ժամանակին ներդրվել է տարեվերջյան արդյունքներով եւ ՍՊԸ-ների մասով պետք է նվազեցում տանք: Բայց սա չի նշանակում, որ մենք չունենք հնարավորություն նորից համալրել կանոնադրական կապիտալը: Դրա նվազեցումը օրենքի պահանջ է, եւ հետո այն նորից կհամալրվի:

-«Բեկոն պրոդուկտ»-ը գրասենյակ ունի նաեւ Վրաստանի Հանրապետությունում: Ընկերությունն այնտեղ գործարան ունի՞:

-Այսպես ասած՝ մեր մասնաճյուղն է. մեր հիմնական փոխկապակցված գործընկերն է Վրաստանում:

-Ձեր ընկերությունը Վրաստանում արտադրությո՞ւն է հիմնել:

-Դեռեւս ոչ: Մենք այնտեղ ունենք վաճառքի կետ, որտեղից ապրանքատեսակները իրացվում են Վրաստանի տարածքում: Համենայնդեպս, այս պահին աշխատանքներ են տարվում Վրաստանում արտադրություն հիմնելու վերաբերյալ: Բայց դեռ հիմնած արտադրություն չկա:

– Ձեր ընկերությունը Ռուսաստանի Դաշնություն արտադրանք արտահանո՞ւմ է, թե՞ ոչ:

-Պատրաստվում է առաջիկայում արտահանել: Նոր պայմանագրեր ունենք: Ես հենց այսօր պայմանագիր էի կնքում: Դեռեւս մեծածավալ ոչ մի ապրանք չի արտահանվում, քանի որ դեռ քննարկումների փուլում է:

Բայց աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Մոտակա ամիսներին դեպի Ռուսաստան հաստատ արտահանում լինելու է: Քանի որ օրենսդրական որոշակի խոչընդոտներ կան՝ կապված ռուսական տարբեր տեսչությունների հետ: Բայց այս ուղղությամբ աշխատում ենք: Եւ այս ամիս արտահանման մասով արդեն մեկ պայմանագիր պատրաստվում է կնքման:

-Տիկի՛ն Հարությունյան, տեղական շուկայում իրավիճակը ինչպիսի՞ն է: Վերջին տարիներին բազմաթիվ գործարարներ դժգոհում են, որ գնողունակությունն ընկել է, իրացման ծավալներն են նվազել, բնակչության թվաքանակն է նվազել…

-Բնականաբար, ընկել է, բայց մենք ամեն ինչ կարողանում ենք անել, որ պահենք առնվազն նույն՝ անցած տարվա տեմպը: Այս մասով դեռ ոչ մի բան չի փոխվել:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս