Թուրքիան չի ուզում դառնալ ԵՏՄ անդամ. դա խաբեության ձև է, իսկ Ռուսաստանն ընտրել է ինքնախաբեության տարբերակը. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Թուքիայում զարգացող իրադարձությունները հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Այժմ էլ Թուրքիայում խոսվում է ԵՏՄ-ին միանալու հավանական ծրագրերի մասին:

ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

Սիրիական ճգնաժամի  հետևանքով Հայսատանը կարո՞ղ է լուրջ խնդիրներ ունենալ:

-Հայաստանը տարածաշրջանի երկիր է, փոքր, թույլ և անպաշտպան: Եվ որքան էլ Երևանում կարծեն թե իզոլացված և ինսուլացված են աշխարհից և տարածաշրջանից պաշտպանված են միջազգային իրավունքով, օրենքներով ու սեփական բանակով, դա, ցավոք այդպես չէ: Յուրաքանչյուր քամի Մերձավոր Արևելքում կարող է Հայաստանի վրա փոթորկի ազդեցություն ունենալ:

Թուրքական ներխուժումը Սիրիա վկայությունն է այն բանի, որ թուրքական երկու պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, երբևէ չեն կաշկանդվելու որևէ հանգամանքից՝ Հայաստանի հետ հարաբերվելիս և որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ կարծում են, թե թուրքական տարրին հնարավոր է զսպել ինչ-որ երաշխիքներ տալով Հայաստանին կամ Արցախին` Թուրքիայում և Ադրբեջանում այդ նույն օրենքների, պայմանագրերի, միջազգային կարգի և ամեն տեսակի երաշխիքների վրա թքած ունեն:

Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵՏՄին: Ինչի՞ է ուզում հասնել սրանով:

-Քսանական թվականներին էլ Թուրքիան ցանկանում էր կոմունիզմի պլացդարմ դառնալ մինչ այն պահը, երբ ստացավ Ռուսաստանից այն, ինչ իրականում ցանկանում էր:

Հետո՝ մի փոքր ավելի ուշ մտավ ՆԱՏՕ: ԵՏՄ անդամ Թուրքիան չի ուզում դառնալ: Դա թուրքական ռևերանս է, ձև և խաբեություն Ռուսաստանին, որ նոր սիրավեպ է սկսել իր հավերժական թշնամի-բարեկամի հետ: Դա գիտեն Թուրքիայում, բայց Ռուսաստանում ընտրել են գիտակցված ինքնախաբեության ուղին: Այդ սուտը առկա իրադրությունում ռուսներին նույնպես պետք է:

 –Ռուսաստանի զինված ուժերի մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել, որի մեջ մտնում է նաև Հայաստանում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանը: Ի՞նչ են նշանակում այս ստուգումները:

-Այս տարածաշրջանն այսօր աշխարհի կոնֆլիկտների կիզակետն է: Ռուսաստանը, որ ակտիվ ներգրավված է Սիրիայում և ռազմական ճանապարհով արդեն վերահաստատել է իր դերակատարության կարևորությունը միջազգային ասպարեզում, չի կարող մարտական պատրաստականության պարբերական ստուգումներ չանել:

Հայաստանի իր բազան տարածաշրջանում ռազմական ներկայության առանցքային օղակ է, որտեղ, բնականաբար, նույնպես չէին կարող նման միջոցառումներ չկատարել: Որևէ արտակարգ բան առայժմ չի նկատվում: Ընդհանուր քաղաքականության առանցքում սա, թերևս, ընթացիկ մի քայլ է:

Զրուեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս