Էրեբունու բաժնի ոստիկանները թաքցրել են խուլիգանությունը և բռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կարապետյանին և Ֆիլիպ Սահակյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Վահագն Մելքոնյանին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկա­նութ­յան հիշյալ բաժնի աշխատակից Ֆիլիպ Սահակյանը 2015թ. փետրվարի 21-ին քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացել Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/10 հասցեում գտնվող «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով պաշտոնեական դիրքն օգ­տագործելով ծա­ռա­յութ­յան շահերին հակառակ, ահազանգողի հայտնած տեղեկությունների փոխարեն, արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի արդյունքում խուլիգանության դեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ և գույքի վնասում:

Այնուհետև քաղաքացի Հասմիկ Օ.-ի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Ա. Կարապետյանը մեկնելով դեպքի վայր, գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-ից և վերջինիս դուստր Հասմիկ Օ.-ից տեղեկացել է, որ 2015թ. փետրվարի 21-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, գիշերային ակումբ ժամանած 5-6 անհայտ անձինք անհիմն վիճաբանել, ապա տևական ժամանակ փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտել ակումբի մշտական հաճախորդ Սարգիս Գ.-ի և նրա հետ եղած 2 անձանց հետ, ինչը զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով, այն է՝ ծեծկռտուքի ընթացքում կոտրել են ակումբի բակում արկղով դրված գարեջրի շշերը, վնասել ինչպես Հասմիկ Օ.-ի «Տոյոտա Պռադո» մակնիշի, այնպես էլ՝ հաճախորդ Սարգիս Գ.-ի «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաները:

Անձամբ ականատես լինելով հանցագործության հետքերին՝ դեպքի վայրում թափված կոտրված շշերին ու վնասված ավտոմեքենաներին, Ա. Կարապետյանը միջոցներ չի ձեռնարկել հանցագործության հետքերն արձանագրելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ և բավարարվելով Հասմիկ Օ.-ի, Անուշ Ս.-ի ու Կարինա Հ.-ի մասնակցությամբ դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրություն կազմելով, այն քրեադատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց վերջիններիս ծանոթացնելու, ներկայացրել է նրանց ստորագրմանն ու հեռացել:

Նույն օրը պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրի զննության արձանագրությունը Ա. Կարապետյանը փոխել է իր կողմից կազմված դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությամբ, որում նշել է այն կազմելու տեղի և ժամի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և չի ներառել վիճաբանության ու կռվի ընթացքում դիտավորությամբ ուրիշի գույքը ոչնչացնելու և վնասելու մասին վկայող՝ գիշերային ակումբի բակում թափված կոտրված գարեջրի շշերի և Սարգիս Գ.-ի ավտոմեքենան վնասված լինելու մասին տեղեկությունները, այդ կապակցությամբ մասնակիցների հայտարարությունները՝ արձանագրելով միայն Հասմիկ Օ.-ի ավտոմեքենայի վնասվածքները:

Հիշյալ օրը Ա. Կարապետյանը կազմել է նաև հիշյալ գիշերային ակումբի մատուցողուհի Անուշ Ս.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, որում մտցրել է մտացածին՝ խուլիգանության հանգամանքները բացառող կեղծ տեղեկություններ, դրանում չի ներառել վերջինիս կողմից դեպքին մասնակից Սարգիս Գ.-ին ճանաչելու հանգամանքը, ապա նշված՝ բացատրություն վերցնելու մասին՝ կեղծ տեղեկություններ բովանդակող արձանագրությունը, առանց Անուշ Ս.-ին ծանոթացնելու, ստորագրման է ներկայացրել նրան, իսկ դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությունը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին ծառայող Վ. Մելքոնյանի օժանդակությամբ, առանց Հասմիկ Օ.-ին, Անուշ Ս.-ին և Կարինա Հ.-ին ծանոթացնելու, ներկայացրել է վերջիններիս ստորագրմանը:

Շարունակելով իրականացնել հանցավոր մտադրությունը՝ Ա. Կարապետյանը դեպքի հաջորդ օրը՝ 2015թ. փետրվարի 21-ի՝ լույս 22-ի գիշերը, նույն բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին աշխատակից Վ. Մելքոնյանի հետ հիշյալ գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-ի աշխատասենյակում դիտել է խուլիգանության դեպքի տեսագրությունները, սակայն դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել ժամանակին դրանք ամրագրելու, ձեռք բերելու և նյութերին կցելու ուղղությամբ, որի արդյունքում դրանք ինքնաբերաբար ջնջվել են, ինչի վերաբերյալ հետագայում կազմել է արձանագրություն՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը պահպանված չլինելու մասին:

Նույն նպատակով` Ա. Կարապետյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է ակումբի տնօրեն Հասմիկ Օ.-ին իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող, խուլիգանության հանգամանքը հերքող բովանդակությամբ բացատրություն տալուն այն մասին, թե, իբր վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում գիշերային ակումբի աշխատանքը չի խանգարվել, իսկ դեպքի տեսագրությունները դիտելուց համոզվել է, որ Կարեն Ք.-ի հարվածներն անզգուշաբար են դիպել իր ավտոմեքենային և վնասել այն:

Բացի այդ, Ա. Կարապետյանը, անձնական այլ դրդումներով՝ քննչական գործողությունները ժամանակին և համաչափ կատարելու պատրանք ստեղծելու մղումներով, հիշյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Հասմիկ Օ.-ից, Լիդա Օ.-ից, Գերասիմ Ա.-ից, Կարեն Ք.-ից և Սարգիս Գ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություններում միասնական դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դատավարական գործողությունների կատարման օրվա և ժամի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հիշյալ ծառայողների դիտավորյալ գործողությունների արդյունքում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը` թաքցվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքը և հաղորդման քննարկման արդյունքում նախապատրաստվել են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա հարուցման ենթակա՝ ծեծի և ուրիշի գույքն անզգուշությամբ վնասելու վերաբերյալ նյութեր, որոնցով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հանցակազմի բացակայության հիմքերով մերժվել է քրեական գործ հարուցելը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ Ֆիլիպ Սահակյանին և Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ նույն բաժնի նախկին ծառայող Վահագն Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս