«Ավագանու բախտորոշ ընտրություններ` երբեմնի «Կանաչ քաղաք Վանաձորի» համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Վերջին տարիներին իմ ծննդավայր այցելելիս մշտապես մեծ ցավ եմ ապրում` տեսնելով թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում այն, մասնավորապես երբեմնի «Կանաչ քաղաք Վանաձորը» օրեցօր կորցնում է իր հմայքը` դառնալով անհրապույր:
Երբեմն այնպիսի տպավորություն ունեմ, որ քաղաքը գոյատևում է իներցիայով և այն անգամ խնամելու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացվում. զարգացնելու և առաջընթացի մասին ուղղակի չեմ խոսում, այն դեպքում, երբ Վանաձորն ունեցել է մշակութային, արդյունաբերական, տուրիստիկ փառահեղ պատմություն:
Գիտակցում եմ նաև, որ պատճառները կարող են բազմազան լինել, սակայն համեմատելով Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների հետ, վստահաբար կարող ենք փաստել, որ միանգամայն հնարավոր է Վանաձորին վերադարձնել գոնե «Կանաչ քաղաք Վանաձոր» կոչումը:
Հոկտեմբերի 2-ին տեղի կունենան ՀՀ Լուռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու ընտրություններ: Ընտրություններին առաջադրվել են 8 կուսակցություններ՝ Հայկական վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Հայաստանի Հանրապետական, Լուսավոր Հայաստան, Համախմբում, Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն եւ Քաղաքացիական պայմանագիր:

Եվ ուրեմն, այս կարևոր ընտրությունների արդյունքում Քաղաքը պետք ունենա մի այնպիսի կառավարիչ, ով կտիրապետի համայնքի բոլոր խնդիրներին, կգտնի խնդիրների լուծման ուղիներն ու ամենակարևորն՝ իր թիմի հետ համատեղ կկարողանա հասնել Վանաձորցու համար տեսանելի և շոշափելի արդյունքների` շնորհիվ տարբեր ոլորտներում, իրագործման հստակ մեխանիզմներով, առաջարկվող այն նորարական գաղափարների ու մտահղացումների, որոնք էլ արմատական փոփոխությունների հիմք կհանդիսանան: Քաղաքում կուտակվել են բավականին խնդիրներ և անկախ նրանից, թե, որ քաղաքական թիմը կարժանանա Վանաձորցու քվեին, աներկբա եմ համարում, որ քաղաքի ապագա կառավարմանը կմասնակցեն շնորհալի և «Կանաչ քաղաքի» ապագայով մտահոգ քաղաքացիները, քանի որ լավ ճանաչում եմ ներկայացված բոլոր կուսակցությունների ընտրացուցակներում ընդգրկված գրեթե բոլոր թեկնածուներին:
Իսկ Վանաձորցիներին կոչ եմ անում քաղաքական և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել և անպայման գնալ ու ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ քվեն հանդիսանում է քաղաքակիրթ մարդու ամենահզոր զենքը»:




Լրահոս