Իշխանական այսօրվա բուրգը ամիսներ հետո չի լինելու. ովքեր են Սերժ Սարգսյանից նեղացածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական այսօրվա բուրգը ամիսներ հետո չի լինելու: Ու անկախ իրադարձությունների զարգացումից, սպասվող տեղական ինքնակառավարման եւ համապետական ընտրությունների արդյունքներից՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տեսքով ավարտվում է: 2017-ի գարնանն ունենալու ենք նոր` արդեն խորհրդարանական իշխանություն:

Իսկ ի՞նչ ունեցանք 2008-ից մինչ օրս. եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրենք, որ անցած տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը երկրի զարգացման ոչ բավարար ճիգեր գործադրեց, որի արդյունքում աղքատության մակարդակն ավելի մեծացավ, ներդրողները տարեցտարի պակասեցին` հասնելով 0 մակարդակի եւ այսպես շարունակ:

Փոխարենը ոչնչի առջեւ կանգ չառնելով՝ Սերժ Սարգսյանը ջանաց բացառապես պահպանել սեփական իշխանությունը, վերարտադրվեց 2012-ի նախագահական ընտրությունների արդյունքում եւ ձգտում է նույնը կրկնել 2017-ին՝ արդեն խորհրդարանական կարգի հաստատման պայմաններում:

Իսկ ումո՞վ պետք է հասնել այդ արդյունքին: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի համար 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններում թվեր նկարվեցին, եւ լցոնումներով ձայներ ապահովվեցին, որը հասարակության մեծ մասը չէր ընդունում, եւ երկար ժամանակ զանգվածային ակցիաներ էին իրականացվում փողոցներում: Բողոքի խաղաղ ցույցերն ավարտվեցին մարտի 1-ի արյունալի իրադարձություններով, որի արդյունքում ունեցանք 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ ու քաղբանտարկյալներ:

Սերժ Սարգսյանը 2008-ի ապրիլին ոստիկանական պատնեշի հետեւում իրեն գահը փոխանցած Ռոբերտ Քոչարյանի զգոն հայացքի ներքո երդվեց անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Հետո խոստացավ քանդել հասարակության եւ իշխանության միջեւ առկա «անհասկացվածության պատը»: Սակայն այդ պատը ոչ միայն չքանդվեց, այլեւ տարիներ շարունակ առավել ամրացավ: Պաշտոնական վիճակագրական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2008-ից մինչեւ 2016 թվականը Հայաստանից արտագաղթել կամ անվերադարձ հեռացել է մոտ 340 հազար քաղաքացի:

Ու եթե չնչին բացառությունները հանենք, պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը անհասկացվածություն ունի նաեւ հենց իր թիմում, այն մարդկանց շրջապատում, որոնց շնորհիվ բազմեց նախագահի գահին: Նա իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում հասցրեց նեղացնել իր շատ նվիրյալների, այնուհետեւ ինչ-որ կերպ փորձեց նրանց «խաթրն առնել»` այդպիսով կախման մեջ թողնելով նրանց: Բայց հայտնի ճշմարտություն կա. ինչքան էլ մարդը ներողամիտ լինի, փորձի մոռանալ իրեն հասցված վիրավորանքը, նվաստացումը, այնուամենայնիվ, նստավածքը մնում է:

Իսկ ովքե՞ր են այդ մարդիկ. փորձենք վերհիշել: Ինչպես արդեն նկարագրեցինք, 2008-ին Սերժ Սարգսյանը ոստիկանական բիրտ ուժի կիրառման արդյունքում ստանձնեց նախագահի պաշտոնը, ոստիկանական պատնեշի հետեւում ապրիլին երդում կերավ` հանուն ազգի բարօրության ամեն ինչ անել, սակայն մեկ ամիս անց՝ 2008-ի մայիսին, աշխատանքից հեռացրեց ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ նշանակելով ՀՀ պետական պահպանության ծառայության պետ: 2 տարի անց՝ 2010 թ. մայիսին, ազատվեց պաշտոնից` նշանակվեով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: Այնուհետեւ՝ 2014-ին, Հայկ Հարությունյանն անակնկալ կերպով մեկնեց արձակուրդ ու այլեւս չվերադարձավ: Հիմա նա անգործ է:

Երկրորդ հարվածը Սերժ Սարգսյանի, իսկ ավելի ճիշտ՝ նրա երիտթիմի կողմից ստացավ հենց Ռոբերտ Քոչարյանը: Մարդ, որը համոզմունքով ու մեծ վստահությամբ իր իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին: Սակայն վերջինիս երիտթեւի ներկայացուցիչները պարբերաբար այնպիսի խարդավանքներ հյուսեցին, որ երբեմնի «սյամական երկվորյակներին» պարզապես բաժանեցին: Իշխանական կուլիսներում պարբերաբար լուրեր էին պտտվում, որ երիտթեւի քարոզիչները Քոչարյանին ստվերելու արդյունքում են փորձել Սերժ Սարգսյանի վարկանիշը կառուցել, ինչի մասին Քոչարյանը մի քանի անգամ զգուշացրել է Սարգսյանին: Սկզբում ասվել է, որ երիտասարդները ինքնագլուխ են գործել, այնուհետեւ իբրեւ թե զգուշացրել են` Քոչարյանի ժամանակներին «չկպնել», բայց հետո անգամ չեն էլ զգուշացրել` հասկանալով, որ երիտասարդներն իրականում ինքնագլուխ չեն: Պարզ էր, որ Քոչարյանին սեւացնելու գնով Սարգսյանին լուսավոր իմիջ կերտելը կոնկրետ հրահանգ էր կոնկրետ վայրից:

Եթե սրան էլ գումարենք քոչարյանապատկան մի քանի բիզնես ճյուղեր, որոնք կամաց-կամաց անցան նույն երիտթեւի ներկայացուցիչների ձեռքը, ապա իրավիճակն ավելի պարզ կլինի: Իհարկե, չի բացառվում, որ ճակատագրական ինչ-որ պահի նրանք դարձյալ միավորվեն, սակայն, ինչպես վերեւում նշեցինք, նստվածքն արդեն մնացել է: Այլեւս նշվածները չեն կարողանա այնպիսի էնտուզիազմով աշխատել Սերժ Սարգսյանի ու նրա երիտթիմի համար, ինչպես կանեին մինչ 2008 թվականը:

Սերժ Սարգսյանից նեղացածների շարքը կշարունակենք հաջորդիվ, քանի որ ցանկը շատ մեծ է, նախապատմությունները` ուշագրավ:

շարունակելի

Թամարա Միքայելյան




Լրահոս