Սեպտեմբերի 11-ն ու Հոկտեմբերի 27-ը շրջադարձային եղան ԱՄՆ-ի ու ՀՀ համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս լրացավ 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական ակտի 15-րդ տարելիցը: ԱՄՆ-ում այդ օրը ի սկզբանե համազգային նշանակություն էր ձեռք բերել` ստիպելով մարդկանց վերաիմաստավորել իրենց անցյալը: Սակայն աստիճանաբար աղավաղվում է օրվա խորհուրդը` տեղը զիջելով քաղաքական մանր խարդավանքներին: Հայաստանում գրեթե նույնպիսի մթնոլորտ առաջացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության շուրջ:

2001թ. սեպտեմբերի 11-ի աշխարհացունց ահաբեկչությունը մոտ 3000 մարդու կյանք խլեց, ավելի քան 6000 քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ: Միացյալ Նահանգները առաջին անգամ ենթարկվում էին օտարների հարձակմանը մայր հողում, որի հետեւանքով թե՛ մարդկային զգալի կորուստներ եղան, թե՛ հոգեբանական ծանրագույն իրավիճակ առաջացավ: Ի դեպ, հատկապես վերջինի հետեւանքով մի կարճ ժամանակ տեղի ունեցավ ազգային իրական մեծ համախմբում, եւ նախագահ Բուշի հանրային վարկանիշը մոտեցավ 90 տոկոսի: Ազգային միասնականությունը, սակայն, կառավարող վերնախավը ուղղորդեց ոչ այնքան պետական ինստիտուտների հզորացմանը, թեեւ հանուն արդարության հարկ է նկատել, որ այդ հարցում որոշակի աշխատանք տարվեց, որքան ԱՄՆ-ի արտաքին հավակնությունների բավարարմանը: Այդ իմաստով են ընկալվում թե՛ Աֆղանստանի, թե՛ Իրաքի ռազմական գործողությունները:
Շարքային ամերիկացիների խնդիրները, այդուհանդերձ, դրանով չլուծվեցին, իսկ արդեն 2008թ. ֆինանսական ճգնաժամը կրկնապատկեց դրանց չափաբաժինը` նախագահ Բուշի վարկանիշը հասցնելով պատմական նվազագույնի:

Սեպտեմբերի 11-ից 15 տարի անց ԱՄՆ-ում նախագահական նոր ընտրություններ են, որոնք աչքի են ընկնում գերազանցապես բացասական ուրվածգով: Թեկնածուների միջեւ արժեքների պայքար որպես այդպիսին գոյություն չունի: Թրամփի ու Քլինթոնի հակադրությունը պայմանավորված է մանր դեպքերով, մասնավոր-կենցաղային խնդիրներով: Ճակատագրորեն հենց 2016թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կիզակետում: Ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը ժամանակից շուտ լքելը, մեքենային մոտենալիս հանկարծակի ընկնելը, Կալիֆոռնիա կատարելիք այցի չեղարկումը առիթ ծառայեցին Քլինթոնի շուրջ հյուսված բազմաթիվ լեգենդների վերհանման համար:

Թեեւ նախկին պետքարտուղարի նախընտրական շտաբը պաշտոնապես հայտարարեց, որ Քլինթոնը հիվանդ է թոքաբորբով, ԱՄՆ-ի ու համաշխարհային լրատվականների հետաքրքրությունը դրանով ավելի աճեց: Սոցիալական ցանցերը պայթեցին Քլինթոնին տարաբնույթ հիվանդություններ վերագրելով, ընդհուպ մինչեւ կանխագուշակություններ հնչեցնելով նախկին առաջին տիկնոջ մոտալուտ մահվան մասին: Չէր բացառվում նույնիսկ դիտավորյալ թունավորման վարկածը: Մի շարք պարբերականներ նույնիսկ հայտարարեցին, որ Քլինթոնը կրկնօրինակ ունի, որին օգտագործում է իր փոխարեն հրապարակային հանդիպումների ժամանակ:
Քլինթոնի հիվանդության փաստին հրատապորեն արձագանքել է նաեւ նրա մրցակիցը` Հանրապետականի թեկնածու Դոնալդ Թրամփը: Վերջինս ակնարկել է, որ օրեր առաջ Քլինթոնի հազալը ավելի ցուցիչ էր, քան սոսկ սովորական թոքաբորբի: Առողջություն մաղթելով իր հիմնական մրցակցին` Թրամփը նաեւ պատմել է, որ ինքը նույնպես բժշկական ստուգում է անցել եւ մասնագետների ամբողջական գնահատականը ստանալուց հետո անմիջապես հրապարակելու է այն:

Ըստ էության, Հանրապետական թեկնածուն օգուտ քաղելու միտումով է համեմատություն անցկացրել իր ու Քլինթոնի առողջական վիճակների միջեւ` անուղղակիորեն հավաստելով, որ այդ հարցում էլ է ինքն ավելի նախընտրելի: Փաստորեն, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառներն ու հետեւանքները վերագնահատելու փոխարեն 15 տարի անց ԱՄՆ-ում թեկնածուների քննարկման առարկան լրիվ այլ հարթությունում է` հեռու պետության ապագայի տեսլականի տիրույթից:

Հայաստանում սեպտեմբերի 11-ին համարժեք ցնցում եղել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, երբ գլխատվեց Հայաստանի պետական-քաղաքական ընտրանին: Այդ ողբերգական իրադարձությունը նույնպիսի շոկ առաջացրեց Հայաստանում եւ մնաց իբրեւ խարան Հայաստանի քաղաքական կյանքի հետագա զարգացման վրա: Հայաստանում էլ այն օրերին ի սկզբանե համախմբվեցին նախագահի շուրջը, սակայն կարճ ժամանակում Քոչարյանը ցույց տվեց, որ իրեն նման համախմբումը իրականում հետաքրքիր էր լոկ կարճաժամկետ կտրվածքով իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար: Թերեւս հենց ոճրագործության բացահայտման հարցում Քոչարյանի ունեցած բացասական դերակատարությունը, ինչպես քանիցս բարձրաձայնել են տուժողների հարազատները, պայմանավորեց նրա հանդեպ հասարակական վստահության անկումը, եւ իր նախագահության ավարտին Քոչարյանը հանրային իրական աջակցություն չուներ:

Ի դեպ, եթե ԱՄՆ-ում սոցիալական հարցումների հավաստիության պատճառով կարող ենք դրանց վրա հիմնվելով դատողություններ անել, ապա Հայաստանում այդ ինստիտուտի չգոյության պատճառով զրկված ենք նման հնարավորությունից: Սակայն Քոչարյանի նախագահության իրական գնահատականը այս առումով 2008թ. Մարտի 1-ն էր, երբ հեռացող Քոչարյանը ստիպված էր իր ժառանգորդին գահին բազմեցնել առնվազն 10 մարդու գնդակահարության գնով:

Թե՛ Հոկտեմբերի 27-ը, թե՛ սեպտեմբերի 11-ը հայ եւ ամերիկյան հասարակություններում ճակատագրական նշանակություն ունեցան: Երկու ահաբեկչություններն էլ միտված էին պետության զարգացման ընթացքի կտրուկ խաթարմանը: Եթե ամերիկյան քաղաքական հարաբերություններում միայն այսօր է երեւում այդ իրադարձության ուղղակի բացասական ազդեցությունը, ապա Հայաստանում ահաբեկչությունից անմիջապես հետո պարզ դարձավ քաղաքական կյանքի շրջադարձի ենթարկվելու փաստը:

Հայաստանում ահաբեկչությունը կաթվածահար արեց քաղաքական առողջ համակարգի կազմավորումը, որի պատճառները` մեկնաբանված, իսկ հետեւանքները վերացված չեն ցայսօր: Արդ, ԱՄՆ-ում 2016թ. ընտրությունները կարող են ստուգատեսային լինել՝ պարզելու համար, թե որքանով է ոչ կոմպետենտ նախագահը ի զորու ազդել պետական-կառավարման համակարգի եւ քաղաքական կյանքի նորմալ զարգացման վրա:

Ն. Հովսեփյան




Լրահոս