Ո՞ր արժանիքների համար դատավորները պարգևատրվեցին. երբ գնալով դատական համակարգի հանդեպ անվստահությունն է՛լ ավելի է խորանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին, հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգեւատրվել են «Մխիթար Գոշ»-ի մեդալով:

Պարգեւի են արժանացել մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը:
Թե օրինականության ամրապնդման գործում ի՞նչ քայլեր են արել դատավորները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց նրանցից: Առավել եւս, որ դատական համակարգի եւ արդարադատության հանդեպ տարեցտարի անվստահությունն է՛լ ավելի է խորացել հանրության շրջանում:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյան

-Պարո՛ն Մարդանյան, մտավախություն չունե՞ք, որ նախագահականից ստացված պարգեւը կկաշկանդի Ձեզ արդար որոշումներ կայացնելիս: Ասել կուզի՝ Դուք «վերեւից» ուղղորդող զանգեր կստանաք:

-Ո՛չ, բացարձակապես: Ես չեմ էլ իմացել, որ ինձ պարգեւատրում են: Առաջին անգամ էլեկտրոնային լրատվամիոցներից մեկով եմ կարդացել:

-Ես ճի՞շտ հասկացա՝ Դուք չե՞ք իմացել, որ Ձեզ պարգեւատրել են:

-Ո՛չ:

-Անակնկալի՞ եկաք:

-Այո՛:

-Պարգեւը ինչպե՞ս են հանձնել:

-Պարգեւն այսօր (խմբ. երեկ) են հանձնել՝ Վճռաբեկ դատարանում: Նախագահի օգնական Ղուկասյանն է հանձնել միջոցառման ժամանակ:

-Մյուս գործիչներին իրենց պարգեւները նախագահականում են տրվել…

-Դե, չգիտեմ՝ որ կարգով է այդպես արվել: Գուցե ինչ-որ կանոնակա՞րգ կա…

-Ձեր ո՞ր արժանիքի կամ Ձեր կայացրած ո՞ր վճիռների ու գործերի համար արժանացաք «Մխիթար Գոշ» մեդալին: Պարգեւը հանձնելիս նշվե՞լ է:

-Դե, երեւի ամփոփում են բոլոր տարիների աշխատանքը: Դատավորի տույժերը՝ ունի, չունի… Ինչպես է աշխատել: Դրանք մեզ հետ չեն համաձայնեցնում, եւ մենք չենք կարող ասել՝ ինչ չափանիշներ են հաշվի առնում:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյան

-Պարո՛ն Դրմեյան, մտավախություն չունե՞ք, որ նախագահականից ստացված պարգեւը կկաշկանդի Ձեզ արդար որոշումներ կայացնելիս:

-Պարգեւը որեւէ կապ չունի հետագա գործունեության հետ: Երբ որ պարգեւը տրվում է, իրավունքի, արդարադատության եւ այլնի համար է տրվում: Ի՞նչը պիտի կաշկանդի… Վճռաբեկ դատարանում անձը միանձնյա չի գործում: Մենք տասը դատավորով ենք որոշում կայացնում:

-Այդ դեպքում ինչո՞ւ հենց Ձե՛զ պարգեւատրեցին:

-Վճռաբեկ դատարանում արդեն կան մեծ թվով անձինք, ովքեր ստացել են այդ պարգեւը տարիների ընթացքում: Երկու պալատներից էլ ունենք պարգեւներ ստացած դատավորներ: Թե ինչու որոշեցին տալ, չեմ կարող ասել:

-Ըստ Ձեզ՝ Ձեր ո՞ր արժանիքի համար պարգեւատրեցին: Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը:

-Ես ուղղակի ինձ լավ զգացի: Եվ գտնում եմ, որ այդ պարգեւը ոչ թե իմն է, այլ ողջ դատական համակարգինն է: Ու քանի որ ես լենինականցի եմ, «լոպազանամ»՝ ինձ թվում է՝ դատական համակարգն ավելի շատ բանի է արժանի: Այստեղ հզոր քայլեր են արվում: Ուղղակի շատ վատ է լուսաբանվում հանրության մեջ:

-Ասացիք ավելի շատ բանի: Դուք ե՞ւս կարծում եք, որ դատավորների աշխատավարձերը պետք է բարձրացվեն:

-Երբ ես տեսնում եմ՝ մեր ժողովուրդն ինչպես է ապրում… ես, անկեղծ ասած, դատավորներին հորդորում եմ՝ ժողովո՛ւրդ, համբերե՛ք, գլուխներդ կախ աշխատե՛ք: Բայց իրականությունը լրիվ ուրիշ բան է: Երբ նայում ենք՝ ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, չենք ուզում համեմատվել, բայց երբ ասում եք, որ պետք է պայքարել այդ ամենի դեմ, նաեւ պետք է դատավորին…
Մի հատ օրինակ բերեմ՝ Ամերիկայի Վճռաբեկ դատարանի նախագահը սիմվոլիկ 1 դոլար ավել է ստանում երկրի նախագահից: Բայց մեր տնտեսական վիճակից ելնելով՝ ես ինքս չեմ ակնկալում դա: Բայց ցանկալի է: Դա նաեւ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար է: Պատահում է, որ առաջին ատյանում դատավորը գործ է ունենում միլիոնավոր դոլարների հետ: Եվ նա պետք է ասի՝ հերն էլ անիծած, ես այնքան ապահովված եմ, որ իմ վճիռն արդար է լինելու:

-Որքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք դատական համակարգում:

-Ավարտելուց հետո իրավաբան եմ աշխատել, 91 թվականից հանրապետության դատախազությունում, 99-ից՝ դատական համակարգում:

-Միշտ հավատարի՞մ եք մնացել Ձեր սկզբունքներին:

-Մի՛շտ:

-Եվ շարունակելո՞ւ եք:

-Այո՛, եղել եմ ու կամ հավատարիմ իմ սկզբունքներին:

Հ.Գ. Դեռեւս 2012 թվականին այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պաշտոնապես հայտարարեց, թե առաջիկա տարիներին հանրապետության արդարադատության նկատմամբ վստահությունը կբարձրանա: Մշակվել էր ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, որի նպատակն էր առնվազն կրկնակի նվազեցնել արդարադատության նկատմամբ անվստահության մակարդակը:
2012-ին դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կազմում էր 70-80 տոկոս, որը ծրագրով նախատեսվում էր կրճատել 30-40 տոկոսի: Ավաղ, ծրագիրն իր նպատակին չծառայեց, ու անվստահության մակարդակը, վստահորեն կարող ենք ասել, հատել է 100 տոկոսի ցուցանիշը: Սրա վառ ապացույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացվող անթիվ վճիռներն են: Իսկ մեզ մնում է պարզապես շնորհավորել պարգեւ ստացած դատավորներին:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս