Քաղաքաշինության նախարարության վերացումն օպտիմա՞լ քայլ է. ճարտարապետների կարծիքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է եւ դառնում կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե: Որքանո՞վ է այս քայլը օպտիմալ, եւ ի՞նչ հետեւանքների այն կարող է հանգեցնել. թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ճարտարապետների հետ:

Այսպիսով` Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այն կարծիքին է, որ նախարարության վերացումից ոչ մի բան չի տուժի. «Ռուսաստանի պես մեծ երկիրը, որը հսկայական ծրագրեր է իրականացնում, առանձին քաղաքաշինության նախարարություն չունի, փոխարենը ունի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն»,-նկատեց միության նախագահը:

14454517_1151306904950374_2030656999_n
Մկրտիչ Մինասյան

«Արդյոք կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե ունենալը բավարա՞ր է»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան՝ Մ. Մինասյանը նշեց. «Իհարկե, ժամանակին հենց կոմիտե ենք ունեցել: Ինձ թվում է` դրանից ճարտարապետության կամ քաղաքաշինության որակը չի ընկնի»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը եւս կարեւորություն չի տալիս` քաղաքաշինության նախարարություն կունենանք, թե կոմիտե. «Տարիներ առաջ կոմիտե էլ ունեցել ենք: Հետո արդեն` անկախության տարիներին, անունը դրեցին նախարարություն: Անունի փոփոխությունից բան չի փոխվում: Այս պարագայում էականը ոչ թե կառույցի անվանումն է, այլ «Քաղաքաշինության մասին» օրենքի գերակայությունը պահպանելը, ոլորտի օրենսդրական դաշտը կարգավորելը, ուրիշ ոչինչ»,-մեզ հետ զրույցում շեշտեց նա:

14459041_1151307008283697_841971233_n
Սաշուր Քալաշյան

Իսկ, ահա, ճարտարապետ Արտակ Ղուլյանի համոզմամբ` քաղաքաշինության նախարարության վերացումը սխալ քայլ է. «Ո՞նց կարող է երկիրը, որն իր ամբողջ պատմության ընթացքում հայտնի է շինարարությամբ, քաղաքաշինության նախարարություն չունենա»,-տարակուսեց նա:

Միեւնույն ժամանակ՝ Ա. Ղուլյանը խոստովանեց, որ աղոտ պատկերացումներ ունի քաղաքաշինության, մշակույթի նախարարությունների գործառույթների վերաբերյալ. «Պարզ չէ, թե դրանք ինչով են զբաղված, այնպես որ նախարարություն կլինի, կոմիտե թե վարչություն, ինձ համար մի քիչ անհասկանալի է: Ես չեմ կարող ասել` նախարարութան վերացումով եւ կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե դառնալով` քաղաքաշինությունը ավել կկարեւորվի, թե պակաս: Հիշում եմ, օրինակ, որ ժամանակին նախարարների խորհրդին կից հուշարձանների պահպանության գլխավոր վարչություն կար, հետո «գլխավոր» բառը հանեցին, դարձավ վարչություն, հետո վարչությունը դարձավ խեղճ ու կրակ գործակալություն, հիմա այն մշակույթի նախարարությանը կից փոքրիկ մարմին է, որը ո՛չ նորմալ ֆինանս ունի, ո՛չ ուժ: Իսկ քաղաքաշինության նախարարության վերացման դեպքում չգիտեմ` ինչ կլինի, մյուս կողմից էլ մտածում եմ` գուցե սրա մեջ ինչ-որ դրական բան կա… Սպասենք, տեսնենք` ինչի կհանգեցնի այս ամենը»,-եզրափակեց ճարտարապետը:

14445397_1151307071617024_37966288_n
Արտակ Ղուլյան

Վերջում առաջարկում ենք վերհիշել ՀՀ քաղաքաշինության նախարարության ստեղծման պատմությունը: Նախ` նշենք, որ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության շինարարության մինիստրությունը լուծարվել է 1988 թվականին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ եւ ստեղծվել է պետական շինարարական կոմիտե: 1990 թվականին շինարարական կոմիտեն վերակազմավորվելով՝ անվանվել է հայկական ԽՍՀ շինարարության մինիստրություն:
Հայաստանի անկախության տարիներին` 1995 թվականին, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
2000 թվականին նախարարությունը վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման ու քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության: Մեկ տարի անց` 2001 թվականին, նախարարությունը վերակազմակերպվել եւ կոչվել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս