Տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրի նախագիծը: Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխա­տաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը:

Անդրադառնալով իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համակարգին, նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ զբաղվածության ոլորտի ծրագրերը արդեն իսկ գնահատվել են համակարգի կողմից: «Ոլորտի 88 ծրագրերը ևս կգնահատվեն և կորոշվի յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը և քաղաքական որոշում կայացնողներին առաջարկություն կներկայացվի դրանց վերաբերյալ: Գնահատման համար կա հրամանով հաստատված մեթոդաբանություն, կան սոցիալական բոլոր ծրագրերի համար անձնագրեր, ցուցանիշներ, ցուցիչներ»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:

Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային վարչության պետ Անահիտ Մարտիրոսյանը Աշխատանքի Միջազգային Կազմակերպություն-Հայաստան համագործակցության շրջանակներում ներկայացրել է «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագրի մշակման կազմակերպչական հարցերը՝ նշելով, որ 2016թ. մայիսին Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովին սոցիալական եռակողմ գործընկերության մասնակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել ծրագրի մշակումը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագրի մշակման աշխատանքային խումբ ստեղծել և արդյունքում մշակված ծրագիրը ներկայացնել սոցիալական գործընկերների քննարկմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս