Ինչ խնդիրների առաջ է կանգնել Շաքիի ջրվեժը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը երկար տարիներ է ինչ չի լուծվում: Բանն այն է, որ վերջին տարիներին ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը, և այն որպես այդպիսին չի գործում:

Ըստ բնապահպանների՝ ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր, կարելի է ասել, չկա: Նշենք, որ Շաքիի ջրերը օգտագործվում են թե՛ հիդրոէներգետիկ, թե՛ գյուղատնտեսական, թե՛ կենցաղային եւ այլ նպատակներով: Բացի դրանից, ջրվեժի տարածքը, որը նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ամբողջովին ցանկապատված է, ինչը բնապահպանների պնդմամբ՝ խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը:

Այս պահին ջրվեժի ճակատագիրը տնօրինում է «Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: «Շաքի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Շաքի գյուղի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Շաքի գետի վրա, դրա շահագործման ընթացքում Շաքիի ջրվեժը ցամաքում է. այս ՓՀԷԿ-ի ջրառը ազդում է ջրվեժի ջրատվության վրա: Տեղեկացնենք, որ Շաքիի ջրվեժը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն ՀՀ կառավարության 2008թ-ի օգոստոսի 14-ի 967-Ն որոշման:

ArmLur.am-ը  լինելով Շաքի  գյուղում, Ջրվեժի մոտակայքում նկատեց արհեստական լճակներ, որտեղ  ձուկ են բազմացնում` շահագործելով Շաքի գետը, ինչի հետևանքով ջրվեժը ցամաքում է:

Տեղի բնակիչներից տեղեկացանք, որ ձկնաբուծարանը պատկանում է  ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Ֆինանսների նախարարության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ Աշոտ Մինասյանին:

Խնդրի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Աշոտ Մինասյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դա ուղղակի ապատեղեկատվություն է և ինքը կապ չունի այդ արհեստական լճակների հետ:

Շաքիի ջրվեժի խնդրով բարձրաձայնումներ է արել նաեւ «Civil Voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որը ահազանգում է, որ բնապահպանության նախարարության անգործության հետեւանքով ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ջրվեժը չի պահպանվում: Ըստ կազմակերպության՝ «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շաքիի» ՓՀԵԿ-ի շահագործման հետեւանքով «Շաքի» ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում է, իսկ Շաքի գետը` Շաքիի ջրվեժից մինչեւ գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառով, որն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:

Սա նշանակում է, որ բնապահպանության նախարարը չի կատարում օրենքով իր վրա դրված գործառույթներն ու պարտավորությունները: Արդյունքում վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան

14467046_1319456714761043_510423192_o

14489735_1319456711427710_1821459951_o

14522030_1319456704761044_770215771_o




Լրահոս