Սեպտեմբերի 27-ից կմեկնարկի «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ հրավիրված ասուլիսի ընթացքում աշխատանքային խմբի անդամ, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է այս տարվա միջոցառումներում ընդգրկված սոցիալական ծրագրերը, որոնք վերջին տարիներին «Էրեբունի-Երևան» տոնակատարության անբաժանելի մասն են դարձել:
Առաջին և ամենամեծ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին: Երևանի ծննդյան տարեթվին համապատասխան, թվով 2798 ընտանիքի քաղաքապետարանի կողմից կտրամադրվի համապատասխան աջակցություն՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ:

Սոցիալական ապահովության վարչության պետի ներկայացմամբ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:

«Քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներից բաղկացած խմբերը սեպտեմբերի 27-ից տնայցեր կիրականացնեն և շնորհավորելով մայրաքաղաքի գալիք տոնի առիթով` նվերներ կհանձնեն մեր համաքաղաքացիներին՝ փոխանցելով մի փոքր արև և ջերմություն: Այս ծրագրի հիմնական առաքելությունը ոչ այնքան սոցիալական բաղադրիչն է, որքան մեկ անգամ ևս մեր համաքաղաքացիներին վստահեցնելը, որ քաղաքային իշխանությունը մշտապես իրենց կողքին է և իրենց խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Երևանը նախևառաջ անկրկնելի ու գեղեցիկ է այն մարդկանցով, ովքեր ապրում են մայրաքաղաքում: Քաղաքի ու միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունքով միայն կարող ենք հասնել հաջողության և մեր զավակների համար ստեղծել լավագույն քաղաքային միջավայրը», – նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Սոցիալական ապահովության վարչության պետը նաև նշել է, որ այս տարի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կիրականացվի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի ծրագիրը:
«Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ դեսևս 2013 թ.-ից մեկնարկած բանակ-հասարակություն կապն ամրապնդող այս ծրագրի շրջանակում շուրջ 6000 ծնող է հնարավորություն ունեցել այցելելու և տեսակցելու իրենց զինծառայող որդիներին: Երևան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ևս ավելի քան 1000 ծնող կկարողանա այցելել սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:
Միջոցառումներ են նախատեսված նաև հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, որի շրջանակում այցեր կկազմակերպվեն Երևանում բնակվող 100 և ավելի տարիք ունեցող 19 տարեցներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս