ՀՀ քննչական կոմիտեն փորձում է հերքել անհերքելին. ի վերջո որտե՞ղ է հայտնաբերվել Վարդևան Գրիգորյանի որդու դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հրապարակել է «Գյումրու առեղծվածային դեպքի հետքերով» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, հայտնել է, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն խեղաթյուրում է փաստերը: Հղում անելով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ իրականում 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է ոչ թե Գրիգորյանների տան նկուղում, ինչպես հայտարարել է Կոմիտեն, այլ՝ տան բակի երկրորդ եւ հին ավտոտնակում: Հիշատակել էինք նաեւ այն փաստը, որ նշված ավտոտնակը երկու մուտք ունի՝ բակի եւ փողոցի հատվածից, որոնք ունեն տեսախցիկներ:

Եվ տրամաբանական է, որ երկու մուտք ունեցող ավտոտնակը չի կարող որեւէ կերպ ներկայացվել որպես ստորգետնյա տարածք` նկուղ:
Մեր այս հրապարակմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեն մի ագրեսիվ հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մեր տեղեկությունները: «Ա.Գրիգորյանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել: Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։ Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես»,- մասնավորապես գրել է Քննչական կոմիտեն։

«Ժողովուրդ» օրաթերթը քիչ առաջ զրուցեց մահացած Արշակ Գրիգորյանի հոր` Վարդեվան Գրիգորյանի կուսակցի` Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ: Պարոն Մելքումյանը պնդեց. «Ես անձամբ եղել եմ դեպքի վայրում: Դիակը հայտնաբերվել է ավտոտնակում, որը ունի երկու մուտք` փողոցից եւ բակից, դա փաստ է: Մնացած վարկածների քննությունը թողնում ենք իրավապահներին»:

Այնպես որ, ՀՀ Քննչական կոմիտեն լրատվամիջոցի գործունեությունը որակելու անպատիվ աշխատաոճի փոխարեն՝ լավ կլիներ՝ փաստերը ստուգեր: «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրում է իրականությունը, իսկ թե դա ում է ձեռնտու կամ ոչ, մեզ ամենեւին չի հետաքրքրում:




Լրահոս