Հարց քաղաքացիներից` անձը կարո՞ղ է որոշակի տեղեկություններ ստանալ իր վճարած եկամտային հարկի և նպատակային սոցիալական վճարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` անձը կարո՞ղ է որոշակի տեղեկություններ ստանալ իր վճարած եկամտային հարկի եւ նպատակային սոցիալական վճարի մասին:

Լարիսա Կիրակոսյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (հարկային մարմինը) վարելու է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված աշխատողների եւ նրանց գործատուների, ինչպես նաեւ ինքնազբաղվածների, անհատ ձեռնարկատերերի ու նոտարների կատարած նպատակային սոցիալական վճարի եւ եկամտային հարկի անձնավորված հաշվառում: Յուրաքանչյուր աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար պետական եկամուտների կոմիտեում բացված է անհատական հաշիվ, որը հիմնված է անձի հանրային ծառայության համարանիշի վրա:
Անձի անհատական հաշվում գրանցվում է, թե որքան է կազմել տվյալ անձի բազային եկամուտը (աշխատավարձը եւ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացվող այլ եկամուտները) հաշվետու ժամանակահատվածում (վարձու աշխատողի համար՝ յուրաքանչյուր ամիս, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար յուրաքանչյուր տարի), ինչքա՞ն են կազմել եկամտային հարկի եւ նպատակային սոցիալական վճարի գումարները եւ որքա՞ն կուտակային վճար է կատարվել:
Անձնավորված հաշվառման համակարգում ամփոփված տվյալները հասանելի են անհատական հաշվի իրավատիրոջ համար: Նա իր վերաբերյալ տեղեկատվությանը կարող է ծանոթանալ համացանցի օգնությամբ՝ մուտք գործելով անձնավորված հաշվառման համակարգի իր էջը նույնականացման քարտի եւ քարտ կարդացող սարքի միջոցով, կամ կարող է իր անհատական հաշվի գրավոր քաղվածքը պահանջել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանումից: Անհատական հաշվի քաղվածքը տարին մեկ անգամ անձին կտրամադրվի անվճար, իսկ նույն տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի անգամ գրավոր տեղեկատվության տրամադրումն անձի համար կլինի վճարովի:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նպատակային սոցիալական վճարը օրենքով սահմանված կարգով եւ չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող նպատակային վճար է:




Լրահոս