«Չորս տարբերակ» փոփ խումբը վերադառնում է. նոր երգն արդեն ձայնագրվել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի կունենա նոր ներկայացման պրեմիերա, այն կոչվում է «Երկու հայ, որ փրկվել են»: Դրամայի հեղինակը Ռիչարդ Կալինոսկին է, բեմադրող ռեժիսորը` Գրիգոր Խաչատրյանը: Ներկայացման շրջանակում հանդես կգան դերասաններ Սամվել Թոփալյանը եւ Քնարիկ Զաքարյանը (փոքրիկ տղայի դերում` Վահագն Մեսրոբյան): Քնարիկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ներկայացումը նվիրված է Հայոց մեծ եղեռնին, բայց այն մատուցվելու է առանց լացուկոծի: «Սա պատմություն է երկու երիտասարդի մասին, որոնք փրկվել են Եղեռնից եւ իրենց կյանքը կապել միմյանց հետ: Այս երկուսի հարաբերություններում ակնհայտ է, թե ինչ հետք է թողել Եղեռնը մարդկանց ճակատագրերի վրա եւ ինչպես է այն արտացոլվում նրանց կենսակերպում»,-մեկնաբանեց դերասանուհին` հավելելով, որ մեկ տարուց ավել զբաղված են եղել ներկայացմամբ, սակայն ժամանակի սղության պատճառով անընդհատ հետաձգել են պրեմիերան:

14543474_1792159544399819_1314596831_n

Ու թեեւ ներկայացման պրեմիերան դեռ չի եղել, սակայն այն արդեն հասցրել է ճանապարհներ խաչել: Քնարիկի խոսքով` եթե չլիներ այս բեմադրությունը, Սամվել Թոփալյանը «Կյանք ու կռիվ» ֆիլմում հազիվ թե խաղար. «Ներկայացման փորձերին առաջին անգամ էր, որ խաղում էի Սամվելի հետ, եւ ինձ շատ դուր եկավ դերասանի նրա տեսակը: Ես Սամվելին ծանոթացրի մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հետ, որից հետո վերջինս նրան հրավիրեց նկարահանվելու «Կյանք ու կռիվ» ֆիլմում (ռեժիսոր եւ սցենարիստ` Մ. Մկրտչյան): Այնպես որ, ներկայացումն ակամայից բարի «գործեր է արել»»,-մանրամասնեց դերասանուհին:

14555895_1792159531066487_649212986_n

Խոսելով ստեղծագործական կյանքում առկա նորություններից` Քնարիկը տեղեկացրեց, որ «Չորս տարբերակ» փոփ խումբը տեւական դադարից հետո շուտով վերադառնալու է. «Արդեն ձայնագրել ենք նոր երգ: Հեղինակները` Վահրամ Պետրոսյանն ու Ավետ Բարսեղյանը, այդ ստեղծագործությունը նվիրել են մեզ: Հիմա աշխատանքային փուլում ենք, առաջիկայում անպայման կլինի տեսահոլովակ: «Չորս տարբերակ»-ի մյուս անդամներն էլ անհամբեր սպասում են խմբի վերադարձին: Մեր ուրախությունը կրկնապատկվեց, երբ հասկացանք, որ հանդիսատեսի շրջանում կա զանգված, որը սպասում է մեզ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս