ՀՀ Սահմանադրության մտահոգիչ փոփոխությունները. փորձագետների կարծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ նորանկախ Հայաստանի՝ 1995թ. ընդունված, ապա 2005թ. փոփոխված Սահմանադրությունը դրել է իրավական պետության հիմքերն ու ապահովել ճգնաժամային պայմաններում սահմանադրական ճանապարհով դրանք հարթելու մեխանիզմները, այդուհանդերձ հասարակության մեջ դեռեւս գերակշռում է այն կարծիքը, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացները մինչեւ այժմ նախաձեռնվել են ոչ այնքան հասարակական պահանջի անհրաժեշտությունից, որքան քաղաքական շարժառիթներից ելնելով:
2013թ. սեպտեմբերի 4-ի ՀՀ նախագահի հրամանագրով ձեւավորվեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, եւ փաստացի սկսվեց ՀՀ սահմանադրական փոփոխությունների գործընթացի նոր փուլը: 2014թ. ապրիլին հանձնաժողովի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների Հայեցակարգի նախագիծը առաջարկում է ծառացած խնդիրների լուծման նոր մոտեցումներ:
Իսկ ինչ նոր մոտեցումներ է բերել ՀՀ նոր Սահմանադրությունը:

Փորձագետների կարծիքը

«Ժողովուրդ»-ը, մասնավորապես, կանդրադառնա դատական համակարգի կայացմանն ուղղված հայեցակարգային դրույթներին: Նախ նշենք, որ մի շարք անկախ փորձագետներ դեռեւս նախորդ տարի հայտարարությամբ էին հանդես եկել` դատական համակարգի կայացմանն ուղղված հայեցակարգային դրույթները ընդհանրական գնահատելով: Այսպես՝ փորձագետների մի մասը (հիմնականում փաստաբանները) դատական ատյանների կրճատումն ու երկրորդ ատյանում վերաքննության եւ վճռաբեկության լիազորությունների ներառումը համարում է նպատակահարմար այն հիմնավորմամբ, որ ներկայիս եռաստիճան համակարգի որոշ օղակներ արդյունավետ դատական պաշտպանության երաշխիք չեն հանդիսանում (մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանը չի իրականացնում արդար դատաքննություն եւ գործնականում իրավունքի պաշտպանության «անպետք օղակ է»): Ըստ այս փորձագետների՝ նման բարեփոխումը կարող է խնայել պետական ռեսուրսները, կրճատել դատավարության ժամկետները, ինչպես նաեւ նվազեցնել դատական սխալները, մինչդեռ դեմ արտահայտվող փորձագետների մոտ կարծիք է հնչում, որ փոփոխությունն է ինքնին ծախսատար ու աշխատատար:

ՄԻՊ-ի մտահոգությունները

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մարդու իրավունքների նախորդ պաշտպանի գրասենյակը Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները:
Ըստ այդմ, նախագծով Սահմանադրական դատարանի դատավորներին կընտրի Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ընդ որում, դատավորներից երեքին՝ նախագահի առաջարկությամբ, երեքին` կառավարության առաջարկությամբ եւ երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ (Նախագծի 166-րդ հոդված): Օմբուդսմենի գնահատմամբ` ցանկալի է ապահովել, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը չկարողանա միայնակ ընտրել դատավորներին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատավորները եւս արտահայտեցին իրենց մտահոգությունները եւ իրենց գնահատմամբ դրական կողմերը:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի գնահատմամբ, օրինակ, բոլոր փոփոխություններն էլ մտահոգությունների տեղիք են տալիս: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` դատարանի նախագահը նշեց, որ նոր մոտեցումները նոր գործելաոճ են պահանջում, իսկ դա էլ իր հերթին` ժամանակ. «Ցանկացած փոփոխություն մտահոգիչ է, պետք է այդ փոփոխության ոգով կարողանալ կառուցել ապագան, կյանքը: Այդ փոփոխության ոգով պետք է համակարգը զարգանա: Սա, իհարկե, մտահոգիչ է: Կարեւոր է, որպեսզի փոփոխությունը կյանքի կոչվի»,- կարճ բնութագրեց դատավոր Սուրեն Մնոյանը:
Իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանի գնահատմամբ` նախագծում, որի որոշ կետեր արդեն իսկ կարելի է ասել` կյանքի են կոչվել եւ ուժի մեջ մտել, կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Այսպես՝ ըստ մեր զրուցակցի` գովելի է այն մոտեցումը, որ փոփոխության արդյունքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության, մասնագիտացված եւ վերաքննիչ դատարանների նախագահների համար կնախատեսվի պաշտոնավարման սահմանափակ ժամկետ՝ երեք տարի, ինչից հետո նշված դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո: Նաեւ վճռաբեկ դատարանի նախագահը չի կարողանա իր պաշտոնը զբաղեցնել 6 տարուց ավել եւ չի կարողանա վերանշանակվել (Նախագծի հոդված 164): Տվյալ փոփոխությունը, ըստ դատավոր Մուրադ Հովակիմյանի, դատական համակարգ նոր կադրեր կբերի. «Պետք չէ մոռանալ նաեւ, որ դատարանի նախագահը եւ դատավոր է»,-նշեց Մ. Հովակիմյանը:

Անդրադառնալով այն կետին, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը կընտրվեն Սահմանադրական դատարանի կազմից վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի (Նախագծի հոդված 166), Մուրադ Հովակիմյանը նշեց. «Սա, միանշանակ, ճիշտ մոտեցում է, քանի որ պետք է ներսից ընտրվի մարդ, որպեսզի մյուս աշխատողների համար եւս հեշտ լինի: Ու սա ընդունել է ցանկացած բնագավառում: Եթե ՍԴ-ի նախագահն այլ վայրից է նշանակվում, գիտելիքների առումով կասկածների տեղիք է տալիս: Բնականաբար, ՍԴ ներդում եղած մարդն ավելի լավ է տիրապետում ոլորտին եւ դրանում առկա խնդիրներին»:
Նշենք, որ ըստ ՄԻՊ-ի գնահատականի` այս որոշումը կապահովի դատարանի անկախությունը:

Ի դեպ, Մուրադ Հովակիմյանը ցանկություն է ունեցել նաեւ առաջարկով հանդես գալ, սակայն չի հասցրել: Նա մեզ փոխանցեց, որ ինքը նպատակահարմար է գտնում, որպեսզի դատավորները, որոնք 65 տարին լրանալուց հետո, ըստ օրենքի պահանջի, պետք է կենսաթոշակի անցնեն, շարունակեն որոշակի ծավալով եւ իրենց համար հարմար գործեր քննել: Սա ըստ դատավորի` նպատակահարմար է այն առումով, որ այդպիսով կթեթեւանա դատարանների ծանրաբեռնվածությունը, եւ թոշակի անցած դատավորները եւս կշարունակեն զբաղվել իրենց սիրած գործով. «Մի տեսակ անարդար է նրանց նկատմամբ օրենքը վարվում: Նրանց գիտելիքներն ավելի թրծված են, եւ կարծում եմ` արդյունավետ կլինի, եթե շարունակեն թեթեւ ռեժիմով աշխատել»:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ն առաջիկայում կներկայացնի նաեւ այլ մտահոգություններ եւ առաջարկներ, որոնք կարվեն փորձագետների եւ մասնագետների կողմից` կապված առաջիկայում վերջնականապես ուժի մեջ մտնող նոր Սահմանադրության դրույթների հետ:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս