Տիգրան Բարսեղյանը չի ձգտել շեդևր ստեղծել. նա պատասխանել է «Արարատ 73»-ի արձանախումբը քննադատողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին Երեւանում` «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ, տեղի է ունեցել Խորհրդային Միության չեմպիոն եւ գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությանը: Բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երեւանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը: Արձանախմբի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:
Արձանախումբը նոր է բացվել, բայց արդեն հասցրել է հայտնվել քննադատությունների թիրախում: Մի շարք քանդակագործներ, նկարիչներ սոցցանցերի իրենց էջերում գրել են, որ արձանախումբը գեղագիտական ոչ մի արժեք չի ներկայացնում, եւ այն դասել են մայրաքաղաքի չստացված, անհաջող քանդակների թվին: Ոչ մասնագիտական կարծիքները եւս հիմնականում բացասական երանգներ են պարունակում:

Քանդակագործ Սահակ Պողոսյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում մեռած արձանների քանակը գերազանցեց կենդանի մարդկանց քանակին»:

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն էլ գրել է. «Տեսա «Արարատ 73»-ի արձանը, մի տարվա դեպրեսիոն լիցքեր կուտակեցի»:

Իսկ Webtv ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանն էլ նկատել է. «Հիմա բացվել է «Արարատ-73»-ի սարսափազդու արձանախումբը, ու… պարզվում է՝ ուղղակի սքանչելագույն արվեստի գործ է, համարյա միքելանջելոյական Դավիթ, քանդակագործն էլ Ռոդենին կտանի ծով, ծարավ կբերի: Ֆեյսբուքը լուռ է, tv-ների գլուխները խառն են՝ ձայն չկա: Ինչու՞: Որովհետեւ սարսափազդու արձանախումբը հովանավոր ունի, ու հովանավորը ինքն ա: Ու ի՞նչ իմանաս, թե հովանավորն էլ ու՞մ կհովանավորի: Բա որ ուզենա քեզ հովանավորել: Դժվա՞ր էր էս իշխանության համար հովանավորին խնդրել՝ էդ Բաբաջանյանի ու Նժդեհի արձաններն էլ հովանավորեր, էդ պատմական մարդիկ էդքան չվարկաբեկվեին մի փոր հացի համար»:

Հավելենք, որ արձանախմբի բացումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց արձանախմբի հեղինակ Տիգրան Բարսեղյանի հետ: Նա, ի պատասխան հնչած քննադատությունների, նշեց. «Հոկտեմբերի 10-ին ես հեռուստատեսությամբ հետեւում էի, թե ինչպիսի հիացմունք էին ապրում արձանախմբի մեր հերոսները` ֆուտբոլիստները, որոնք կյանք ապրած մարդիկ են: Իսկ ովքե՞ր են քննադատողները. թող իրենց կարծիքները հայտնեն, մենք էլ գրավոր պատասխանենք: Այդ կոմպոզիցիան, հորինվածքը ինձ բավարարում է: Անկեղծ ասած` բազմաթիվ խորհրդատվությունների արդյունքում ես շտկումներ եմ մտցրել, որպեսզի հորինվածքը միջավայրի մեջ առավելագույնս ընկալելի լինի»:

Անդրադառնալով արձանախմբի գեղագիտական կողմին` Տ. Բարսեղյանը եզրափակեց. «Կատարելությունը վերջ չունի: Հավակնություններ էլ չկան ամեն մի գործից ակնկալել շեդեւրալ որակ, ասենք` Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի նման: Այս արձանախմբի պարագայում կան շատ գրագետ մոտեցումներ, եւ քանդակային այդ հորինվածքը ե՛ւ իր գաղափարական, ե՛ւ ժանրային իմաստով ու կատարման կուլտուրայով պուրակային ճարտարապետության մեջ առավել քան թույլատրելի է: Այլ բան է, որ քանդակագործներից ոմանք ասում են, թե իրենց դուր չի եկել: Իսկ ո՞ր քանդակի վերաբերյալ է, որ չենք լսել նման արտահայտություն»:
Աննա Բաբաջանյան




Լրահոս