«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Պարզ եւ անկեղծ հարցուպատասխանի միջոցով մենք կբացահայտենք հանրության կողմից ճանաչված անձանց բնավորության անհայտ գծերը, կանդրադառնանք նրանց կյանքի` քչերին հայտնի պատմություններին, կպարզենք` վերջիններս ինչից են վախենում, ինչի համար են ափսոսում, ինչ են երազում եւ կյանքի հետ ինչ հույսեր են կապում: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի հետ (Հայկ Հակոբյան):
-Հայկո՛, չարաճճի՞ երեխա էիք, թե՞ խելոք:
-Ես չարաճճի եմ եղել: Ծնողներս միշտ ազատ են թողել ինձ: Շատ եմ եղել դրսում` բակում, ընկերներիս հետ: Փոքր ժամանակ այնպիսի արարքներ եմ արել, որոնց մասին հիշելով` հիմա փոշմանում եմ, մտածում եմ` փառք Աստծո, որ փորձանքի մեջ չեմ ընկել:
-Ձեր մականունը:
-Մականուն չեմ ունեցել: Բայց բեմական անունս` Հայկոն, արդեն խանգարում է ինձ (նկատի ունի այն, որ տարիքի հետ «Հայկո»-ն կարող է տեղին չհնչել-հեղ.):
-Ձեր ամենասիրելի խաղը:
-Ֆուտբոլը:
-Գիրք, որը շատ է տպավորել:
-«Շանթարամը» (հեղ.` Գրեգորի Դեւիդ Ռոբերթս):
-Ձեր լսած վերջին ուրախ լուրը:
-Այն, որ ռուսաստանցի մի ռեփեր իմ մասին երգ է գրել` կատարածս երգերի մոտիվներով: Երբ ինձ հայտնեցին այդ մասին, շատ ուրախացա, շոկի մեջ ընկա: Դա, իսկապես, սիրուն անակնկալ էր: Առաջիկայում հանդիպելու եմ այդ ռեփերի հետ: Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող:
-Ձեր ոլորտի ամենամեծ բացը:
-Մեր ասպարեզում աղբը շատ է, ոլորտը բարձիթողի վիճակում է: Բայց եթե լինենք լավատես եւ շատ աշխատենք, ամեն բան կկարգավորվի:
-Կոլեգաների շրջանում տարածված ամենաանտանելի որակը:
-Չեմ սիրում անմիտ, «աստղայինը տարած» մարդկանց, որոնք, որպես կանոն, իրենցից ոչինչ չեն ներկայացնում:
-Ձեր քայլերը, երբ Ձեզ շողոքորթում են:
-Ես դա հասկանում եմ եւ բանի տեղ չեմ դնում, ժպիտով եմ վերաբերվում նման երեւույթներին:
-Մարդու մեջ առաջինը ուշադրություն եք դարձնում նրա…
-Ներաշխարհին եւ էներգետիկային:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր թշնամին:
-Ոչ ոք: Առհասարակ, ես կոնֆլիկտային անձնավորություն չեմ, թշնամիներ չունեմ:
-Կինը պետք է լինի լավատե՞ս, թե՞ հեռատես:
-Լավատես մարդկանց շատ եմ սիրում, ինքս էլ այդպիսին եմ: Բայց կինը, կարծում եմ, պետք է ավելի շուտ լինի հեռատես:
-Ձեր հանդեպ թույլ տրված արարք, որը չեք ներել:
-Նման բան չկա, գիտե՞ք: Ես միշտ ապրում եմ պոզիտիվ կյանքով:
-Երբեք նշանակություն չեք տալիս մարդու…
-Դիրքին:
– Ձեր երազած քաղաքի տեսքը:
-Բնականաբար, խոսքը Երեւանի մասին է: Առհասարակ, շատ եմ գնահատում այն հանգամանքը, որ հնությունները պահպանվում են, եւ տվյալ քաղաքը ունենում է իր դեմքը: Այդ առումով, շատ կցանկանայի, որ Երեւանը Պրահային նման լիներ:
-Վախենում եք, որ…
-Որ շատ գործեր պարզապես չհասցնեմ անել: Որքան մեծանում ես, ժամանակն այնքան արագ է թռչում, թվում է, թե քիչ գործ ես անում:
-Ափսոսում եք, որ…
-Որ ավելի շատ երգեր չեմ գրել, համերգներ չեմ ունեցել, երբեմն տրվել եմ ժամանցին: Բայց կյանքը նաեւ դրանով է հետաքրքիր:
-Ամենամեծ երջանկությունը զգացիք, երբ…
-Երբ ծնվեց որդիս:
-Ձեր ցանկությունը` կյանքից:
-Հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվում աշխարհում, ես կյանքից խաղաղություն եմ ուզում:
Աննա Բաբաջանյան