«Ձեռքիս տակ ոչինչ չկար, թքեցի ոստիկանի վրա». ՀՀ ոստիկանությունն` ընդդեմ ցուցարար կնոջ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունեցել, որի նպատակն էր աջակցել Ժիրայր Սէֆիլյանին: Ցուցարարները պարտադրում էին փոխել Սէֆիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Ակցիային մասնակցում էին նաև «Հայ կանանց ճակատի» անդամները, ովքեր ի նշան բողոքի`պառկել էին Սէֆիլյանին տեղափոխող ոստիկանական մեքենայի առջև`խոչընդոտելով մեքենայի ընթացքին: Այս ընթացքում ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանին բերման ենթարկելից վերջինս թքել էր ոստիկանության ծառայողի վրա:

Եվ այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Սուսաննա Սիմոնյանի դատական հայցի քննությունը:

Դատարան ներկայացված հայցով ՀՀ ոստիկանությունը պահանջում է Ս. Սիմոնյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով, որով վարչական իրավախախտում է համարվում ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը:

Դատարանում Սուսաննա Սիմոնյանի պաշտպան Սաթենիկ Սիրադեղյանը հայտարարեց, որ վիրավորանք հասկացությունը բավականին լայն է, իսկ հոդվածը վերանայման կարիք ունի:

Սակայն ոստիկանության ներկայացուցիչ Ռուբեն Եպիսկոպոսյանը հակադարձեց`նշելով, որ արարքի որակումը հստակ վիրավորանքն է. «Ուրիշ էլ ի՞նչ կարելի է անել ոստիկանի նկատմամբ, որ դա համարվի վիրավորանք»:

Սուսաննա Սիմոնյանը և իր պաշտպանը հակընդդեմ հայց ներկայացրին դատարան՝ պահանջելով պատժի ենթարկել Սուսաննա Սիմոնյանի նկատմամբ բռություն կիրառած ոստիկանին, վերացնել կամ հետաձգել իր դեմ կիրառված վարչական տուգանքը:

Դատարանն ընդունեց հակըննդեմ հայցը և հեռացավ ծանոթանալու ներկայացված նյութերին:

Նիստից հետո ArmLur.am-ի հետ զրույցում Սուսաննա Սիմոնյանը որոշակի մանրամասներ պատմեց այդ օրը կատարված դեպքից: Կնոջ խոսքով ոստիկանները իր նկատմամբ ոչ միայն բռնություն են կիրառել, այլև հայհոյել. «Մեքենայում իրենք ինձ հայհոյեցին, ես էլ՝ իրենց, իսկ հետո, երբ քաշքշում էին ինձ, ոչինչ չէր մնում, քան պաշտպանվելը, իսկ քանի որ ձեռքիս տակ ոչինչ չունեի, թքեցի ոստիկանի վրա»,- ներկայացրեց ՀԿ անդամը`հավելելով, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան

14787006_1341208855919162_179040136_o

14803095_1341208859252495_1107940565_o




Լրահոս