Համոն էլի ռեփ կերգի՞. ի՞նչ է պատրաստվում անել նա` երկար դադարից հետո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` Համոյին (Համո Ադիյան) երգարվեստում չենք տեսնում: Ռեփերն արդեն մի քանի տարի է` իրեն նվիրել է թատերարվեստին, նաեւ նկարահանվում է սերիալներում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` արդյոք նա մտադիր է երբեւէ վերադառնալ երգարվեստ եւ ինչով է այժմ զբաղված:
Համոն պատմեց, որ նոր սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել, այժմ բանակցությունների փուլում է, իսկ մինչ այդ հանդես կգա «Աբելի քույրը» սերիալում:

14741068_1180007035413694_1889673495_n

Ինչ վերաբերում է թատերական կյանքին, ապա Համոն տեղեկացրեց, որ «Էդգար Էլբակյան» թատրոնում վերականգնվել է «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը (բեմադրիչ` Լիլի Էլբակյան), որտեղ ինքը խաղալու է Տեր հոր դերը: Բացի այդ` Երեւանի խամաճիկների պետական թատրոնում Համոն հանդես է գալիս «Մերի Փոփինս» ներկայացման մեջ (բեմադրիչ` Հրանուշ Չիչակյան), որտեղ մարմնավորում է Փոփինսի (դերակատար` Լիլի Էլբակյան) քեռու կերպարը. «Մի խոսքով` կնոջս քեռին եմ»,-կատակեց Համոն:

Անդրադառնալով երգարվեստ վերադառնալու թեմային` ռեփերը նշեց, որ ունի նման մտադրություն, սակայն սպասում է, որ վերադարձը լինի ճիշտ պահին եւ ճիշտ ձեւով. «Ես ուզում եմ ռեփ կարդալ, ոչ կոմերցիոն նպատակներով: Այսքան երկար դադարից հետո կցանկանայի` անելիքս տեղին լիներ. չեմ անի այն, ինչ բոլորն են անում, այլ այն, ինչ ես եմ զգում: Արդեն մի քանի նոր երգ ունեմ, անգամ գործիքավորումն է արված: Դրանցից մեկն, օրինակ, հայրական թեմայով է (երկու երեխաների հայր դառնալուց հետո այն ծնվեց), մյուսն այն մասին է, թե ինչու եմ ես ուզում վերադառնալ ասպարեզ»,-մեկնաբանեց Համոն:

14805540_1180007025413695_430578477_n

Ռեփերի խոսքով` ինքը նաեւ մեր քաղաքի մասին բողոք-երգ ունի եւ որոշ ժամանակ առաջ որոշել է ներկայացնել այն հանդիսատեսին, սակայն հապաղել է. «Հիմա քաղաքական դաշտում կարծես փոփոխություններ են գրանցվում, ուստի որոշեցի դադար տալ, սպասել-տեսնել` ինչի կհանգեցնեն դրանք»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս