Նախագահների առաջադրումների օրինականությունը՝ վիճարկման առարկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրությունը շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում: Հոկտեմբերի 19-ին կայացավ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջեւ նախագահական վերջին բանավեճը, որը զգալիորեն տարբերվեց նախորդներից: Հատկանշական է, որ այս անգամ Թրամփը բարձրացրեց իր մրցակցի` նախագահի թեկնածու առաջադրվելու օրինականության խնդիրը: Կարիք չկա բացատրելու, թե ինչպիսի նշանակություն ունի այս հարցը հայաստանյան իրականությունում:

Բանավեճի որակական բարձր մակարդակը նախ ապահովվեց դրա վարողի` FOX NEWS-ի լրագրող Քրիս Ուոլլիսի կողմից: Վերջինս առաջնահերթորեն նպատակ էր դրել թույլ չտալ երկու թեկնածուներին դուրս գալ քաղաքավարության սահմանված կանոնների շրջանակներից, ինչը հաջողությամբ իրականացրեց: Ավելին` Ուոլլիսը երկու թեկնածուներին վերաբերվում էր միատեսակորեն` հնչեցնում նրանց քիմքին անհաճո հարցեր, ընդհատում երկուսին էլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նախագահական վերջին բանավեճի մոդերատորը մեջբերում էր երկու թեկնածուներին սատարող պարբերականների հոդվածներն (Washington Post, New York Times, Fee Beacon, WikiLeaks) ու առաջարկում թեկնածուներին պատասխանել հրապարակված մեղադրանքներին: Ավելին` FOX NEWS-ի հայտնի լրագրողը չէր կենտրոնանում թեկնածուների միջանձնային հարաբերությունների վրա` պահանջելով նրանցից կոնկրետ քաղաքականությանը վերաբերող ձեւակերպումներ ու բացատրություններ տալ: Այս բանավեճն ապացուցեց, որ նմանատիպ հաղորդումների եւ շոուների որակը գերազանցապես կապված է բանավեճը վարողի անձնական պատրաստվածության հետ ու նրա առջեւ դրված խնդրից:

Ուոլիսը ակնհայտորեն նպատակ էր դրել ամերիկացիներին ցույց տալ երկու թեկնածուների քաղաքական-գաղափարական տարբերությունները, ինչը նա իրականացրեց միանգամայն հաջող կերպով:

Ինչեւէ, հարցերի որակով պայմանավորված` թեկնածուների գնահատականներն էլ էին տեղափոխվել քաղաքական հարթություն` ի հեճուկս մեկ-երկու մանր դրվագների: Այդ ընթացքում Թրամփը հասցրեց իր մրցակցին անվանել «զզվելի կին» ու «ստախոս», իսկ Քլինթոնն էլ նրան` «Պուտինի խամաճիկ»: Այդուհանդերձ, առողջ բանավեճ ծավալվեց ԱՄՆ Գերագույն դատարանի հետ կապված խնդիրների, տնտեսական եւ արտաքին քաղաքականության հիմնահարցերի շուրջ:

Դժբախտաբար, երկու թեկնածուներն էլ ցույց տվեցին, որ խորապես չեն գիտակցում պետության խնդիրները եւ իրենց հայտարարություններում ելնում են ընտրողներին սիրաշահելու մղումից: Հեղինակավոր տնտեսագետների մտահոգություններն առ այն, որ Թրամփի ու Քլինթոնի տնտեսական ծրագրերն անխուսափելիորեն ավելացնելու են ԱՄՆ-ի արտաքին ու ներքին պարտքը, չվիճարկվեց թեկնածուներից եւ ոչ մեկի կողմից: Պարզ է, որ կառավարության դերակատարության մեծացմամբ Քլինթոնը լուծելու է կարճաժամկետ խնդիրներ` հաջորդ նախագահներին դժվարությունների առաջ կանգնեցնելով, իսկ կառավարության մեկուսացման հետեւանքով Թրամփը հազիվ թե կարողանա ապահովել տնտեսական կարգի կայունությունը: Հաշվի առնելով, սակայն, որ ԱՄՆ վերջին 8 տարիների տնտեսական քաղաքականությունը հիմված է եղել սոցիալ-դեմոկրատիայի գաղափարների վրա, հերթը կարծես թե պետք է զիջվի պահպանողական ազատականությանը: Տնտեսական քաղաքականության հերթագայությունը ԱՄՆ-ում ընդունված պրակտիկա է, երբ կոնկրետ ժամանակային կտրվածքում գործադրվում է ազատական, ապա սոցիալիստական մոտիվներով քաղաքականություն, որոնք միմյանց ավելի շատ լրացնում են, քան հակադրվում:

Բանավեճի ամենակարեւոր հարցը, սակայն, վերաբերում էր ընտրությունների արդյունքների ընդունմանը: Թրամփը համառորեն հրաժարվեց ընդունել, որ հաշտվելու է Քլինթոնի նախագահության հետ: Շեշտելով ընտրությունների կեղծման հավանականությունը` Թրամփը գտնում է, որ իր գործողությունների բազայում արդյունքների վիճարկման տարբերակը պետք է մնա ճիշտ այնպես, ինչպես վարվեց Ալ Գորը 2000թ.: Հանրապետականների թեկնածուն նաեւ ուղղակիորեն պնդեց, որ Քլինթոնի առաջադրումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտմամբ: Թրամփը նկատի ունի ԱՄՆ Կոնգրեսից ստացված պաշտոնական կանչից հետո Քլինթոնի կողմից 33.000 գաղտնի նամակների վերացման փաստը: Թրամփն իրավացիորեն նկատում է, որ ցանկացած ամերիկացի, եթե նման հանցանք գործեր, նրա կյանքը դժոխքի կվերածվեր, իսկ կարիերան` անհետ կոչնչանար: Սակայն Քլինթոնի պարագայում ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ ՀԴԲ-ի կողմից գործը կարճվեց, նախկին առաջին տիկինն էլ հավականում է նախագահի պաշտոնին:

Հայաստանում նախագահության թեկնածուների առաջադրման օրինականությունը սկսել է կասկածի տակ դրվել 1998թ.-ից: Այնժամ Ռոբերտ Քոչարյանը, չհամարվելով Հայաստանի Հանրապետության 10-ամյա քաղաքացի, մասնակցեց նախագահական ընտրություններին եւ, վիճելի արդյունքներով, հաղթող ճանաչվեց: Նրա մրցակիցներ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը եւ այլք քանիցս բարձրաձայնեցին այդ խնդիրը, սակայն արդարադատության համակարգը ուշադրություն չդարձրեց կարեւորագույն այդ նրբության վրա:

Նույնը կրկնվեց արդեն 2003թ.: Իսկ արդեն 2008թ. Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվեց այն ժամանակվա Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի կոպիտ խախտմամբ, որով սահմանվում էր, որ պաշտոնյան ընտրությունների ընթացքում պետք է ազատվեր պարտականությունների կատարումից: Սարգսյանը ոչ միայն արձակուրդ չէր գնացել, այլեւ ամենուր հանդես էր գալիս իբրեւ ՀՀ վարչապետ` ուղղակիորեն չարաշահելով պաշտոնեական դիրքը:

Ցանկացած նորմալ երկրում Սահմանադրական դատարանն այս մի հիմքով պիտի անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները: Ի տարբերություն Քլինթոնի, որի դեպքում հետաքննությունը դադարեցվել է հանցակազմի բացակայության մեկնաբանությամբ, թեեւ, իհարկե, Թրամփը շարունակում է քաղաքական մեղադրանքներ ներկայացնել, Հայաստանում ՍԴ-ը անթաքույց խախտումը չտեսնելու տվեց եւ իր հերթին օրենքի խախտմամբ վավերացրեց օրենքի խախտումը:

Ն. Հովսեփյան




Լրահոս