«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Անսպասելի, կտրուկ հարցերի եւ բաց, անմիջական պատասխանների միջոցով կփորձենք բացահայտել հանրության կողմից ճանաչված անձանց էությունը, բնավորության` միայն իրենց բնորոշ գծերը: Այսպիսով` մեր հերթական զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանն է:
-Ձեր անվան ազդեցությունը ճակատագրի վրա:
-Կարծում եմ` այն վատ չի ազդել, դրական է անդրադարձել իմ կյանքի վրա: Ես գոհ եմ իմ անունից, հարմարված եմ դրա հետ, ընկերներս էլ են սիրում այն:
-Ամենաանտանելի բանը կենցաղում:
-Չեմ սիրում թափթփվածությունը: Ձգտում եմ, որ շուրջս ամեն բան հավաք, տեղը տեղին լինի: Օրինակ` հյուրախաղերի ժամանակ էլ, երբ տանից հեռու եմ լինում, կարգուկանոն եմ հաստատում շուրջս:
-Ձեր սիրելի խմիչքը:
-Վիսկի, թեքիլա, կոնյակ:
-Իր, որը Ձեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի:
-Երեւի թզբեհներ եմ շատ օգտագործում, արդեն վաղուց ունեմ մեծ հավաքածու, որը իրենց նվերներով համալրել են նաեւ մի շարք հայտնի, ճանաչված անձինք: Օրինակ` տանը` հեռուստացույց դիտելիս, միշտ ձեռքիս թզբեհ է լինում: Մի քիչ պապիկական սովորություն է (ծիծաղում է):
-Ձեր սիրելի արտիստը:
-Շատ են: Օրինակ` միշտ հիացած եմ եղել Ավետ Ավետիսյանով. նա մեծագույն, հոյակապ դերասան է: Ինձ համար շատ սիրելի են Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, արտասահմանցիներից` Ալ Պաչինոն, Ջեք Նիքլսոնը:
-Մարդ, որի ազդեցությունը Ձեզ վրա մեծ է եղել:
-Ես միշտ սիրով շեշտել եմ, որ իմ ստեղծագործական կյանքում մեծ դերակատարություն է ունեցել առաջին ուսուցիչս` երջանկահիշատակ բեմադրիչ Զավեն Տատինցյանը: Նրանից գիտելիքների եւ փորձի հսկայական պաշար եմ ստացել:
– Ձեր կյանքի ճակատագրական պահերը:
-Կնոջս հետ հանդիպումը, մեր դստեր ծնունդը: Եթե մարդու ընտանիքը կայուն հիմքեր չի ունենում, դա ճակատագրական հարված է նրա համար: Այդ առումով ես երջանիկ մարդ եմ: Լավ ընտանիքը կյանքի մեծագույն պարգեւն է:
-Թերահավատ եք, մեկուսի, թե անհամբեր:
-Թերահավատ չեմ, մեկուսացում չեմ սիրում. նախընտրում եմ լինել ընկերական շրջապատում, շփվել հաճելի մարդկանց հետ, անհամբեր էլ չեմ:
-Տղամարդկանց մասին ամենամեծ միֆը:
-Որ ասում են, թե տղամարդիկ ուժեղ սեռի ներկայացուցիչներն են: Կարծում եմ` դա չափազանցված է. կանայք տղամարդկանցից շատ ավելի ուժեղ են, եթե նույնիսկ հաշվի առնենք միայն այն, որ նրանք կարող են երեխա ծնել, դիմանալ մի շարք դժվարությունների:
-Ո՞վ է կործանված մարդը:
-Նա, ով չգիտի սիրել եւ չունի հումորի զգացում:
-Զղջում եք, որ…
-Փորձում եմ ոչ մի բանի համար չզղջալ: Կարծում եմ` կյանքում մեծ, զգալի սխալներ թույլ չեմ տվել:
-Ձեր` սիրո առաջին խոստովանությունը:
-Դա ես արել եմ ապագա կնոջս, բանակից վերադառնալուց հետո, ինստիտուտում: Ի դեպ, նա մինչեւ հիմա հիշեցնում է, որ ես իրեն հեռախոսով եմ ամուսնության առաջարկ արել (ծիծաղում է):
-Ձեր ամենաանսպասելի արարքը:
-Առհասարակ, ես սիրում եմ անակնկալներ մատուցել ընտանիքիս անդամներին: Երբ նոր էի ամուսնացել, մի սեփական տան բակում գեղեցիկ վարդեր տեսա, տիրոջը շատ խնդրեցի դրանք վաճառել ինձ: Կինս ասում է, որ այդպիսի վարդեր մինչեւ հիմա չի ստացել. դրանք ավելի քան 20 օր չէին թառամում:
-Միշտ ցանկացել եք, բայց չեք հասցրել…
-Չկա նման բան: Նույնիսկ մի փոքր ուշացումով, միշտ էլ արել եմ ուզածս:
-Ձեր սիրելի նկարիչը:
– Մոդիլիանի, Վան Գոգ, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան:
-Եթե կյանքից հետո կյանք կա, ապա…
-Ես ռեալ եմ նայում նման հարցերին, ապրում եմ այս պահով, բայց եթե նման բան կա, ապա կցանկանայի, որ այդ կյանքն էլ հետաքրքիր լիներ:
Աննա Բաբաջանյան