Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու համար, հարկայինի կողմից «Շիրակ կենտրոնի» հանդեպ կիրառվող հարկային տեռորից փորձում են ազատել ամերիկահայ բարերարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու վագոն-տնակներում, ավելի քան քառորդ դար, անմարդկային պայմաններում գոյատևող անօթևան ընտանիքների համար բնակարաններ գնելու և նվիրելու պատճառով, «Շիրակ կենտրոնի» հանդեպ կիրառվող հարկային տեռորից ազատելու և կազմակերպության գործունեությունը բնականոն հուն վերադարձնելու նպատակով, ամերիկահայ բարերար Վարդան Նազարյանը, այսօր նվիրաբերեց հարկայինի կողմից պահանջվող գումարի մոտ 50 տոկոսը՝ 2 մլն 300 հազար դրամ:

Գյումրու անօթևան և աղքատ ընտանիքներին և երեխաներին աջակցությանը նպատակաուղղված «Շիրակ կենտրոնի» բազմաթիվ ծրագրերի հովանավոր Վարդան Նազարյանի նվիրաբերած ողջ գումարը վճարվեց, որպես՝ գույքի օտարումից ստացված եկամտահարկ:
Հիշեցման կարգով նշենք, որ մոտ երկու ամիս առաջ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից 5 մլն դրամի չափով եկամտահարկի մուծման պահանջ էր ներկայացվել «Շիրակ կենտրոնին», նախորդ ամիսներին անօթևան ընտանիքների համար, Հայաստանում և արտերկրում կազմակերպված դրամահավաքների, անհատ բարերարների և տարբեր կազմակերպությունների նվիրատվությունների միջոցներով գնված 10 բնակարանների համար: Կազմակերպությունը այդ հարկային բեռը զիջելու խնդրանքով դիմել էր ՀՀ բարձրագույն իշխանություններին, այդ թվում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն՝ ապարդյուն: Ավելին կազմակերպության նկատմամբ սկսեցին տուժ ու տուգանքներ կիրառվել, պահանջվող գումարի մուծումը ձգձգելու պատճառաբանությամբ:

Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չուներ այնպիսի ֆինանսական կարողություններ, որ կատարի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, պարտադրված դիմեց բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց և հայտարարեց դրամահավաք: Այս պահին արդեն իսկ վճարված է պահանջվող մայր գումարի շուրջ 60 տոկոսը: Ինչպես նաև շարունակվում է «Շիրակ կենտրոնի» գործունեությունը բնականոն հուն վերադարձնելուն նպատակաուղղված դրամահավաք» http://shirakcentre.am/hy/program/2016/15/-ը:

Հ.Գ. Այսօր Գյումրու հարկայինից մեզ տեղեկացրեցին, որ իրենց կողմից պահանջվող գումարի մուծման ձգձգման պատճառով, զգալի տուժ ու տուգանքներ են կիրառվել «Շիրակ կենտրոնի» նկատմամբ՝ մոտ 2 մլն դրամ: Փաստորեն իշխանությունններին, մասնավորապես ՀՀ նախագահին, նորանշանակ վարչապետին, ՊԵԿ-ի հին ու նոր ղեկավարներին դիմելն ու սին հույսով սպասելը, նոր հարկային տուժ ու տուգանքների պատճառ դարձան, նաև զգուշացվեցինք, որ այսպես կոչված մայր գումարից մնացած 1.660.000 դրամը, որքան հնարավոր է շուտ պետք է մուծվի, որպեսզի տուժ ու տուգանքները ձնագնդի պես չմեծանան: Դէ արի ու պետության փոխարեն անօթևաններին բնակարաններ նվիրիր…

«Շիրակ կենտրոն» ՀԿ




Լրահոս