Բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով։

Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ջրային կառույցներ» ընկերությանը տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման հետ կապված հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ:

Աշնանային տեղումների սեզոնի հետ կապված էլ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրել բազմաբնակարան շենքերի անձրևատար խողովակներն ու վերացնել առկա թերությունները:

«Ամեն տարի տեղումների սեզոնին որոշակի ահազանգեր ենք ստանում, որ շենքերի անձրևատար խողովակների վնասվածության պատճառով մեր համաքաղաքացիներն ինչ-ինչ վնասներ են կրում: Հնարավոր նման երևույթները բացառելու նպատակով, համատիրությունների հետ համատեղ, ուսումնասիրեք դրանք, գույքագրեք առկա խնդիրներն ու կարճ ժամանակում վերացրեք նկատված թերացումները՝ ապահովելով դրանց հետագա անխափան շահագործումը», – նշել է Տարոն Մարգարյանը:

Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը և հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը:

«Անձրևային եղանակով պայմանավորված՝ բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողներ փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները: Խստորեն հետևեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու կանխեք նման երևույթները. բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը: Որևէ բացառություն չպետք է լինի այս հարցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս