«Աշտարակ կաթ»-ը դեռ չի վճարել պարտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչները շարունակում են բողոքել «Աշտարակ կաթ» ընկերությունից, որը տեւական ժամանակ է՝ չի վճարում բնակիչներին ունեցած պարտքերը: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի՝ գյուղացիներին ունեցած պարտքերին:

«Ժողովուրդ»-ը բողոքող բնակիչներից տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ» ընկերության Ճամբարակում գտնվող պանրի արտադրամասը հոկտեմբերին չի աշխատել: Պանրի արտադրամասի աշխատակիցները աշխատելու մասին չեն էլ ցանկանում լսել, քանի որ մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

«Մենք մայիսից մինչեւ հիմա աշխատավարձ չենք ստացել: Արդեն 3-րդ տարին է, ինչ գործարանը հոկտեմբերին չի աշխատում: Բայց մեծ քանակությամբ պանիր ունեն պահեստավորած: Անցած տարի գոնե ընկերությունը մեզ «Լոռի» տեսակի պանիր էր բաժանում, որն էլ մենք մարզերում վաճառում էինք: Բայց այս տարի իրենք «Ռոքվոր» տեսակի պանիր ունեն, որը թանկ է եւ մեզ ձեռնտու չէ այն աշխատավարձի դիմաց վերցնել: Բացի այս, պանիրը դժվարությամբ ենք իրացնում: Մենք միայն մեր աշխատավարձն ենք ուզում»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Ճամբարակի բնակչուհի Սուսաննան:

Նշենք նաեւ, որ ընկերությունը կաթի մթերման դիմաց պարտքեր ունի կուտակած նաեւ մատակարարներին, որոնք գյուղացիներից կաթը վերցնում են, ապա հանձնում ընկերությանը: «Ժողովուրդ»-ին դիմած Սուսաննայի ամուսինը նույնպես որպես մատակարար կաթը վերցրել է գյուղացիներից, ապա հանձնել ընկերությանը: Սակայն «Աշտարակ կաթ»-ը հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարից մթերած կաթի գումարը դեռ չի վճարել, ինչի արդյունքում վերջինս հայտնվել է անելանելի վիճակում: Ստիպված ունեցած ցլիկն են վաճառել եւ ընկերության փոխարեն վճարել են գյուղացիների պարտքը, որը իրենից էին պահանջում:

«Մարդիկ փող չունեն, փայտ պետք է գնեն, մեզ մոտ արդեն խիստ ձմեռ է: Մենք էլ վարկեր ունենք ու աշխատավարձը չստանալու պատճառով վարկային պարտավորությունները չենք կատարել, ժամկետանց ենք: Ստիպված էինք ցլիկը վաճառել, որովհետեւ գալիս էին, գումարն էին պահանջում. նրանցից մեկը հիվանդ կնոջը պետք է բժշկի տաներ, դրա համար էլ մեր անասունը վաճառեցինք»,- պատմեց տիկին Սուսաննան:

Տեղեկացնենք, որ բնակիչների մեծ մասը կաթը հանձնում է «Դուստր Մարիաննա» ընկերությանը:

Իսկ «Աշտարակ կաթ» ընկերությունից արդեն մի քանի անգամ է, ինչ հավաստիացնում են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մարվելու են կաթի մթերման դիմաց կուտակված բոլոր պարտքերը: Նաեւ հավելում, որ ընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից եւ խնդիրը մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Բայց թե, ի վերջո, երբ են մարեվլու գյուղացիների պարտքերը, հայտնի չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս