Էջմիածին քաղաքի Իսակով փողոցի մի հատվածը, որտեղ ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի երգչի անունը: Նման որոշում է կայացվել այսօր Էջմիածնի համայնքային նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ:
Այս որոշումը նոյեմբերի 6-ից ուժի մեջ կմտնի: Այդ օրը լրանում է Արամ Ասատրյանի մահվան տասը տարին: Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանից:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությամբ նաև որոշում է կայացվել հարկային արտոնություն տրամադրել կարկտից տուժած թվով 232 ջերմոցային տնտեսությունների:
Նախքան այդ նորընտիր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը երդվել է Էջմիածնի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում անվերապահորեն պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Էջմիածին քաղաքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Էջմիածնի զարգացմանը, «գործել ի բարօրություն նրա բնակիչների և այցելուների»:
Քաղաքապետը երդմամբ պարտավորվել է հոգ տանել Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ինչպես նաև, համաձայն Էջմիածնի քաղաքապետարանից ստացած հաղորդման` նպաստել քաղաքական նյութական և հոգևոր վերելքին:
Ներկայացնում ենք նաև ArmLur.am-ի պատրաստած ռեպորտաժը Արամ Ասատրյանի մահվան 9-րդ տարելիցի կապակցությամբ: