Գևորգ Կոստանյանը չի հանձնվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործող պաշտոնյաների պատասխանատվության հարցը եղել եւ մնում է ամենապահանջվածը: Ու հենց դրանից է մեծապես կախված մեր երկրի զարգացման հեռանկարը: Այո՛, այո՛, որքան պաշտոնյան, անկախ զբաղեցրած դիրքից, պատասխանատվություն զգա իր արարքների համար, այնքան էֆեկտիվ արդյունք կունենանք բոլոր ոլորտներում: Պատասխանատվություն կրելու պարտադրանքի ձեւեր, իհարկե, կառավարման մասնագետները շատ են մշակել, բայց ամենակիրառելին թերեւս 2-ն են՝ կա՛մ պետք է պաշտոնյան ազատվի զբաղեցրած պաշտոնից, կա՛մ կոնկրետ պատասխանատվություն կրի իր չաշխատելու, վատ աշխատելու համար: Իսկ ինչպե՞ս պետք է պատասխանատվություն կրի, որպեսզի սթափվի. պետք է հարված ստանա գրպանին: Ու հենց սկսի վճարել տուգանքները, կամաց-կամաց պարտադրված կլինի ավելի անսխալ աշխատել:

Հակառակ դեպքում անպատասխանատվությամբ ծավալած գործունեության պտուղները քաղում է շարքային քաղաքացին՝ անկախ նրանից, թե ով է թույլ տվել սխալը:
Օրինակ՝ ՀՀ դատարանները օրական բազում վճիռներ են կայացնում՝ ամենատարբեր շահագրգռվածությունից ելնելով, որոնք հասնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վերածվում են ՀՀ կառավարության դեմ կայացված վճիռների, որոնցով նախատեսված փոխհատուցումները տալիս են հայ հարկատուները:
«Ժողովուրդ»-ը բազմիցս բարձրացրել է հատկապես դատավորների պատասխանատվության հարցը, եւ պարզվում է, որ խնդիրը սկսել է լրջորեն քննարկվել իշխանական շրջանակներում: Մասնավորապես վերջերս հրապարակվեց պաշտոնական մի հաղորդագրություն, ըստ որի՝ հոկտեմբերի 19-ին Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը այն դեպքերում, երբ Եվրոպական դատարանի վճռով հաստատվել են մարդու իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել տվյալ պաշտոնատար անձի մեղքով եւ պետական բյուջեից վճարվել է փոխհատուցում:

Այսինքն՝ թեեւ Գ. Կոստանյանը գլխավոր դատախազ չէ, այնուամենայնիվ, դեռ շարունակում է վճիռների կատարման համար պատասխանատու պաշտոնների պատասխանատվության հարցով զբաղվել: Նմանատիպ քննարկումներ վերջին տարիներին շատ են եղել, բայց անպտուղ, քանի որ քաղաքական գործիչների եւ փորձագետների մի խումբ առաջարկել է ներդնել պատասխանատվության մեխանիզմներ սխալ վճիռ կայացրած դատավորների համար, իսկ փորձագետների մեկ այլ խումբ դեմքի եվրոպական արտահայտությամբ մշտապես հակադարձել է, որ նման մեխանիզմները դեմ են դատավորների անկախության եվրոպական չափանիշներին: Սակայն արդյունքում ունենք մի իրավիճակ, որ այս տարիների ընթացքում եվրոպական դատարանում պարտված տասնյակ գործերի համար ՀՀ պետբյուջեից հարյուրհազարավոր եվրոներ են վճարվել, ու որեւէ պաշտոնատար անձ չի պատժվել, ինչը նորմալ չէ:

Արփինե Թովմասյան




Լրահոս