Մանրամասներ` Առողջապահության նախարարի և ծննդկանների հարազատների հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հատնի է՝ նոյեմբերի 8-ին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է վերջին շրջանում արձանագրված մայրական մահվան առավել հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթեւիկ Գասպարյանի եւ Նաիրա Աբգարյանի հարազատներին: «Ժողովուրդ»-ին մահացած ծննդկանների եւ նախարարի հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, որ Լեւոն Ալթունյանը մահացած ծննդկանների գործերից այդքան էլ տեղյակ չի եղել, եւ հիմնականում ծննդկանների հարազատների բարձրացված խնդիրներին հակադարձել են նախարարության այն ներկայացուցիչները, որոնք առավել տեղեկացված են եղել դեպքերից:

Եվ այսպես, ինչպես հայտնի է՝ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հրամանով հուլիսի 28-ին Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակն ուսումնասիրելու համար հանձնաժողով է ստեղծվել: Ուսումնասիրությունն արվում էր՝ հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում այդ բժշկական կենտրոնում 3 մահ էր գրանցվել:
Եվ, ահա, նորանշանակ նախարարի հետ հանդիպմանը մահացած ծննդկաններից մեկի՝ Տաթեւիկ Գասպարյանի ամուսինը՝ Նորայր Հարությունյանը, հետաքրքրվել է, թե ինչ հայտնաբերվեց ստուգումների արդյունքում, ինչին ի պատասխան՝ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ասել է, թե իրենք բավականին լուրջ խախտումներ են հայտնաբերել, եւ այդ խախտումները արդեն վերացվել են:

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի ամուսինը` Նորայր Հարությունյանը, հաստատեց մեր տեղեկությունը եւ նշեց. «Ինձ ասացին, որ այնտեղ ստուգումները իրականացվել է, սակայն հայտնաբերված խնդիրները տեղում վերացվել են, եւ դրանք չէին կարող պատճառ հանդիսանալ ծննդկանի մահվան, ինչի հետ ես բնականաբար հանաձայն չեմ» :

Ըստ ծննդկանի ամուսնու` այսօրվա օրենսդրությունը իմանալով՝ ինքը առողջապահության նախարարության հետ հույսեր չի կապում.«Ինչ է նշանակում՝ բուժհիմնարկությունը մասնավոր է, մատուցում է առողջապահական ծառայություններ, բայց ենթաօրենսդրական դաշտով, եթե այն մասնավոր է, ապա առողջապահության նախարարությունը չի կարող պատժի, սաստի կամ ասի՝ այս բժիշկին պետք է հեռացնել: Օրենքի խնդիր է, որ բժիշկը չի լիցենզավորվում, այսինքն՝ կարող է՝ մի բժիշկ դատված լինի, բայց գնա հիվանդանոցը, որը լիցենզիա ունի եւ այնտեղ աշխատի»:

Նորայր Հարությունյանը տեղեկացրեց, որ անգամ իր կնոջ մահվան դեպքով դատաբժշկական փորձագիտական կոնտրոնի եզրակացությունով կա կոնկրետ սխալ, բայց բժիշկը մինչեւ հիմա աշխատում է, եւ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի անդրադարձել նրա վրա: Դատելով ստեղծված իրավիճակից՝ առողջապահության նախարարությունը այդքան համարձակություն չունի պատասխանատվության կանչել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի հարազատներին պատկանող բժշկական կենտրոնին եւ սահմանափակվում է ձեւականորեն խախտումներ վերացնելով, իսկ թե ով պետք է պատասխան տա երեք մահվան դեպքերով, դժվար է ասել:

Քնար Մանուկյան




Լրահոս