2017-ը հայտարարվում է փառատոնային տարի լուսանկարչության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017-ը հայտարարվում է փառատոնային տարի. սեպտեմբերի 12-16-ը կանցկացվի «Երևան» լուսանկարչական փառատոնը: Ողջ տարվա ընթացքում կիրականացվեն նաև լուսանկարչության ոլորտում տարաբնույթ ծրագրեր:

Նոյեմբերի 25-ին հրավիրված ասուլիսին փառատոնի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն գործարկվել է http://yerevanphotofestival.com կայքը, որի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտարածվեն փառատոնի մասին: Կայքը նաև հարթակ է, որտեղ լուսանկարիչները կունենան անհատական էջեր, կվերբեռնեն իրենց լուսանկարները՝ այդպիսով հասանելի դառնալով հանրությանը: Ստեղծվելու է նաև հեղինակային իրավունքի պաշտպանության համակարգ:

Արմեն Սարգսյանը վստահեցրեց, որ իրենց նպատակն է նաև զարգացնել հայ լուսանկարչական մշակույթը:

Նշենք, որ միջազգային փառատոնը լինելու է ամենամյա։ Այն կստեղծի մի հարթակ, որտեղ կհանդիպեն պրոֆեսիոնալ ու սկսնակ լուսանկարիչները, միջազգային հայտնի մասնագետներն ու պարզապես լուսանկարչությամբ հետաքրքրվողները: «Երևան» լուսանկարչական փառատոնի առանձնահատկություններից է այն, որ ներգրավված են լինելու ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի բոլոր մարզերը, Արցախն ու Ջավախքը: Փառատոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Արվեստանոց» հիմնադրամը:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը շեշտեց, որ հիմնադրամն առանձնահատուկ տեղ ու դեր է տալիս ստեղծագործող և փնտրտող երիտասարդներին. «Սա փնտրտվող ծրագրերի մաս է կազմում: Ժամանակին չենք էլ մտածել ֆոտոցուցահանդեսների և ֆոտոֆեսթերի մասին, դրա անհրաժեշտությունն առաջացավ տարիների ընթացքում: Հիմնադրամն արդեն երկու խոշոր լուսանկարչական ծրագրեր է կազմակերպել, որի շարունակությունը դարձավ այս ծրագիրը: Անհրաժեշտություն առաջացավ ունենալ համապատասխան կայքէջ, որը հարթակ կդառնա այն լուսանկարիչների համար, որոնք ուզում են իրենց աշխատանքները ներկայացնել ու, ինչու ոչ, դրանից նաև եկամուտ ստանալ: Մենք կունենանք բազում նոր դեմքեր: Կազմակերպվելու են կատարելագործումներ, դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ավելի լիարժեք մասնակցելու և ավելի մրցակցային լինելու ողջ փառատոնի ընթացքում: Իրականում նախաձեռնել ենք միջազգային լուսանկարչական փառատոն, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում»:

Ժյուրիի անդամ, լուսանկարիչ Սամվել Սևադան նշեց, որ իրենց խնդիրն է լինելու երիտասարդներին սովորեցնել մտածել, տեսնել կադրը, քանի որ մեր օրերում պահանջվում է, որ մարդիկ տիրապետեն լուսանկարչական արվեստին:
Ժյուրիի անդամ Վահագն Տեր-Հակոբյանի կարծիքով՝ փառատոնը կխթանի նոր, երիտասարդ լուսանկարիչների հայտնաբերմանը, լուսանկարչությունն ավելի բարձր հարթություն տեղափոխելուն:

Տեղեկացնենք, որ 2017-ի սկզբից կիրականացվեն հայտնի լուսանկարիչների աշխատանքների ցուցադրություններ ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում: Կիրականացվեն նաև վարպետության դասեր սկսնակ լուսանկարիչների համար:
Դեկտեմբերի 1-ից կհայտարարվի հայտի ձևը, և մինչև տարեվերջ կընդունվեն մասնակցության հայտեր: Այնուհետև ժյուրին կընտրի վարպետության դասերի մասնակիցներին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս