Տավուշի և Գեղարքունիքի դպրոցականներն այցելել են ռազմական համալսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան էին այցելել Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 10-12-րդ դասարանների շուրջ 100 աշակերտներ։ Պատանիների այցելությունը ռազմական համալսարան կայացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ։ Աշակերտներն օրվա ընթացքում հանդիպել են բուհի ղեկավարության հետ, շրջել են համալսարանի տարածքում, եղել են թանգարանում, հրամանաշտաբային ֆակուլտետում, համազորային ֆակուլտետի կրակային ամբիոնում, կրակել են վարժասարքից, ծանոթացել զորանոցներին։

Ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանն աշակերտներին մանրամասն ներկայացրել է ռազմական համալսարանը, բուհի կառուցվածքը, ֆակուլտետները, մասնագիտությունները, ուսումնական ծրագրերը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող Արգամ Արշակյանը նկատել է, որ ավարտական դասարաններում սովորող աշակերտներին ռազմական կրթությանը ծանոթացնելու ծրագիրը մեկնարկել է մի քանի տարի առաջ Արմավիրի մարզից։ Կազմակերպվել են ինչպես աշակերտների այցելություններ ռազմական համալսարան, այնպես էլ համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ մարզի կրթօջախներում։ Արգամ Արշակյանն ընդգծում է, որ նման հանդիպումների արդյունքը եղել է այն, որ բազմաթիվ աշակերտներ մասնագիտական կողմնորոշման արդյունքում ընդունվել են ռազմական համալսարան։ Հիմնադրամի ներկայացուցիչը նշել է նաև, որ առաջիկայում համալսարան կայցելեն նաև մյուս մարզերի աշակերտները։

Ռազմական համալսարանի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը նկատում է, որ նման միջոցառումներով ամրապնդվում է բանակ-հասարակություն կապը։ Նա նաև նկատում է, որ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն այսօր հետաքրքրում է նաև աղջիկներին. համալսարանում արդեն երեք տարի ուսանում են նաև աղջիկ կուրսանտներ։ Նա նաև ընդգծում է, որ ռազմական համալսարանը տալիս է որակյալ կրթություն. «Ե՜վ ուսումնանյութական բազան, և՜ պրոֆեսորադասախոսական անձնակազմը ստեղծվում են բոլոր նախադրյալները, որ բուհը զինված ուժերի համար պատրաստի հայրենասեր, գիտելիքներով հարուստ, հոգով ամուր, ֆիզիկապես պինդ տղաների և աղջիկների»։

Հանդիպման ընթացքում համալսարանի ներկայացուցիչները պատասխանել են նաև հյուրերի հարցերին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս