Այսուհետ հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ:

Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչև վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել և բացատրել վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսիք են՝

· Վարկի արդյունավետ տոկոսադրույքը,
· Այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս,
· Ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները,
· Վարկի մարման կանոնները:

Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որևէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել:

Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում և մարվող գումարի չափը ավելի է նախագծով սահմանված չափից:

Նախագծով նաև խիստ և հստակ կանոններ են սահմանվել անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել վարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդել սպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից:

Նախագծով ներդրվել են նաև վարկատուների կողմից սահմանված կանոնները չպահպանելու հետևանքով սպառողներին պատճառված վնասների հատուցման մեխանիզմ:

Այսպիսով, նոր կանոնների արդյունքում՝
· Հիփոթեքային վարկերի շուկան կլինի թափանցիկ,
· Սպառողը հիփոթեքային վարկ վերցնելիս կլինի առավել տեղեկացված,
· Սպառողը հնարավորություն կունենա ընտրել առավել բարենպաստ պայմաններով վարկ:




Լրահոս