Միհրան Պողոսյանին «կմաքրեն օֆշորից». ԴԱՀԿ նախկին և ներկա պետերն «առճակատվել են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից՝ հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի:

Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միեւնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել: Ինչպես հայտնի է՝ ընթացիկ տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց: Անցել է մոտ ութ ամիս, սակայն Միհրան Պողոսյանին պատասխանատվության ենթարկելու նախադրյալները դեռեւս չեն նշմարվում, եւ չի էլի լինի այդ հեռանկարը: Նրան «կմաքրեն օֆշորից»:
Ավելին՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին Պողոսյանը հրավիրված էր եւ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ընթացքում է գտնվում քրեական գործը, Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ մոտ ժամանակներս նախաքննությունը կավարտվի: Հարցին, թե լուրեր կան, որ կվերադառնաք քաղաքականություն, պետական համակարգ, նա ասել էր, թե այդ մասով քննարկումներ են գնում:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պանամայի գործը «սառեցնելու» քաղաքական հրահանգը տրված է: Եւ հիմա Միհրան Պողոսյանը ջանում է հարթել բոլոր խութերը՝ վերադառնալու համար գլխավոր հարկադիր կատարողի հին աթոռին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օֆշորային սկանդալի հետեւանքով նախագահականի երիտթեւի հյուսած խարդավանքների արդյունքում ստիպված հրաժարականի դիմում ներկայացրած Միհրան Պողոսյանը հեռանալուց առաջ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու է առաջադրել Արմեն Հարությունյանին, ով համարվում է նրա մտերիմը, վստահելին՝ այդպես պլանավորելով նաեւ իր վերադարձը: Իհարկե, մյուս թեկնածուները եւս հոժարակամ են եղել դառնալու Պողոսյանի «տեղապահը», մինչեւ նա կվերադառնար, սակայն ընտրվել է Ա. Հարությունյանը, որը սակայն հուսախաբ է արել նրան:

armen-harutyunyan

Արմեն Հարությունյանը, նշանակվելով ԺՊ, «մոռացության է մատնել» նախկին պետի հետ ունեցած «պայմանավորվածությունը» եւ չհամաձայնեցված գործունեություն է սկսել վարել: Ինչպես նոյեմբերի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, Արմեն Հարությունյանը «պաշտոնավարման» կարճ ժամանակահատվածում օր օրի կառույցը փլուզման է տանում: ԴԱՀԿ-ից սկսել են հեռանալ նաեւ ծառայության հնաբնակներ, այդ թվում՝ բաժինների ղեկավարներ, որոնք այլես չեն կարողացել հանդուրժել Հարությունյանին: Վերջին թարմ օրինակը նոյեմբերի 19-ին էր, երբ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը զեկուցագիր տարածեց` հայտարարելով, որ այլեւս չի կարողանում աշխատել «ստախոսի» հետ` նկատի ունենալով Արմեն Հարությունյանին, եւ ազատման դիմում ներկայացրեց:

Այս զարգացումները, ըստ էության, մեծապես Միհրան Պողոսյանի սրտով են, քանի որ Հարությունյանը արդեն առիթ է տալիս իր հետ «դաժան վարվելու»: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրեր առաջ ԴԱՀԿ նախկին աշխատակիցներից մեկի հուղարկավորության արարողությանը Միհրան Պողոսյանն ու Արմեն Հարությունյանն «առճակատվել են»: Տեսնելով վերջինիս` Մ. Պողոսյանը իր մոտ է կանչել ու հորդորել՝ նայի աչքերիս մեջ, ապա խորհրդավոր լռել է: Թե ինչ է կարդացել Հարությունյանը Պողոսյանի աչքերում, դժվար է ասել:

Միհրան Պողոսյանի ապագան իր համարձակ հայտարարություններից ու ելույթներից արդեն իսկ կարելի է կանխատեսել. նրա վերադարձի հավանակությունը շատ մեծ է: Չի բացառվում նաեւ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակում ընդգրկվի կամ ռեյտինգային կարգով պատգամավոր առաջադրվի իր հարազատ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից:
«Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ Մ. Պողոսյանից մեկնաբանություն ստանալ: Նրա գրասենյակ կատարած մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին, իսկ արդարադատության գեներալ-մայորի հետ կապ հաստատելուց հետո, լսելով մեր հարցը, ԴԱՀԿ նախկին պետը հորդորեց գրասենյակ զանգահարել: Ի դեպ, մենք գրավոր նամակով տեղեկացրինք Պողոսյանին, որ հրապարակումն առանց իր մեկնաբանության է ստացվում, նա անդրդվելի մնաց:

Հիշեցնենք, որ հանրային գիտակցության մեջ արմատացած տեսակետի համաձայն՝ կասկածելի ճանապարհով հարստացած Միհրան Պողոսյանը վայելում է անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Նրանց հարաբերությունները հայր-որդի ջերմությամբ են արտացոլվում: Իսկ Միհրան Պողոսյանի կարիերայի սահուն առաջխաղացումը ապահովել են մորեղբայրները` Գրիգոր եւ Միքայել Հարությունյանները՝ նախ իրենց հետ ԱԱԾ տանելով, ապա մղելով դեպի գործարար դաշտ:

Հարությունյանները լուրջ գործարարներ են, եւ, ի թիվս շինարարական ու այլ բիզնեսների, նրանց է պատկանում նաեւ «Միկմետալ» ընկերությունը, մայրաքաղաքի «կարմիր գծերի» «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը, Սեւանի «Նոյ լենդ» համալիրը եւ այլն:

Հ. Գ. Տարիներ առաջ հայր ու որդի հարաբերություններ էին ձեւավորված նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Լեւոնն անգամ իր որդու անունը Սերժ դրեց, որպեսզի տանը Սերժ Սարգսյան ունենա: Սակայն Լեւոն Սարգսյանը հիմա «անհետ կորածների» շարքում է՝ սնանկացած վիճակում:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս