Չի բացառվում, որ Վրաստանի գազատարի սեփականատերը կդառնա ադրբեջանական նավթագազային «Socar» ընկերությունը. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ հայտարարել էր, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում:

Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: Նման հեռանկարը, անշուշտ, չի կարող չմտահոգել հայկական կողմին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո, ակտիվացել է ադրբեջանական նավթագազային «Socar» ընկերությունը, որը ցանկանում է գնել գազատարն ամբողջությամբ: Ի դեպ, այս ընկերությունը նման ցանկություն էր հայտնել դեռեւս 2012 թվականին:

Թե դա ինչ անդրադարձ կունենա Հայաստանի վրա ArmLur.am-ն փորձեց պարզել տնտեսագետ Վահագն Խաչատրյանից:

«Պետք է հասկանալ նախ, թե դա իրականությանն ինչքանով է համապատասխանում: Մեզ մի ուրիշ հարց պետք է հետաքրքրի՝  գազի սակագնի իջեցումը, որը կապեցին այդ գազամուղի տարանցիկ գնի հետ: Չորս կետերից մեկն էլ դա էր: Այդպիսի հաշվարկներ կան, կամ նախատեսում են, որպեսզի տարանցման գինը փոխվի և դրա արդյունքում գազի գինը կնվազի»,-հայտնեց նա:

Ըստ տնտեսագետի՝ մեր անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ բոլոր դեպքերում չի բացառվում, որ դրա սեփականատերը կդառնա ադրբեջանական նավթագազային «Socar» ընկերությունը:

«Կան միջազգային պայմանավորվածություններ` անկախ որևէ մեկի պատկանելիությանը, միջազգային պարտավորությունները կամ պայմանավորվածությունները պետք է կատարի այդ ընկերությունը, որը վերցնում է իր վրա, ասենք, թե գազը Ռուսաստանից պետք է հասցնի Հայաստան»,- հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս