Կրիմինալ մրցակցությո՞ւն, թե՞ հանցագործություն. ինչ է կատարվում ավիափոխադրումների շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ կառավարության հռչակած բաց երկնքի քաղաքականությունը նախնական շրջանում էական արդյունքներ տվեց եւ մրցակցության բարձրացման ու ավիատոմսերի էժանացման արդյունքում ավիափոխադրումները ավելացան, այնուամենայնիվ, այսօր Հայաստանի բաց երկինքը կրկին նույն խնդիրների առաջ է կանգնել:

Այս ոլորտում առաջացած ճգնաժամն արդեն քանի տարի շարունակ խոչընդոտում է երկրի մի շարք ոլորտների բնականոն զարգացմանն ու ՀՀ քաղաքացիների՝ անվտանգ եւ մատչելի ճամփորդելու իրավունքին: Ժամանակ առ ժամանակ շուկայում հայտնվում են ընկերություններ, որոնք սկզբում երկնքից աստղեր են խոստանում քաղաքացիների համար, հետո անէության գիրկն ընկնում՝ դժգոհելով շուկայում տիրող անբարեխիղճ մրցակցությունից:

«Կրիմինալ մրցակցություն», այսպես է բնութագրում հայաստանյան ավիափոխադրումների ոլորտը նորաստեղծ, որպես ազգային փոխադրող Հայաստան մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին. ««Պոբեդա» ավիաընկերությունը դեմպինգ է իրականացնում: Նրանք իրենց արտադրանքը վաճառում են ինքնարժեքից ցածր, մինչեւ մրցակցին սպանեն: Դա «Աէրոֆլոտ»-ի դուստր ձեռնարկությունն է: «Աէրոֆլոտ»-ը սկսել է այդ ծրագիրը, որ սպանի իր բոլոր մրցակիցներին»,- նախօրեին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր Գաիաշվլին: Նույն անձը Հայաստանում գործունեություն ծավալելուց առաջ՝ ընթացիկ տարվա ապրիլին, միանգամայն այլ մեկնաբանությամբ էր հանդես եկել. «Մենք կփորձենք մրցակից դառնալ ոչ միայն ռուսական ավիաընկերություններին… Իհարկե, ավիացիոն բիզնեսը բարդ բիզնես է, եւ բարդ բիզնեսում առանց պետության աջակցության դժվար թե որեւէ մեկը կարողանա ոտքի կանգնել ու Հայաստանում լուրջ ավիաընկերություն ունենալ»:

Ի՞նչ է ստացվում. ընկերությունը պատրաստ չէ՞ր մրցակցությանը, թե՞ պետության աջակցությունը չստացավ:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ «Արմենիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Խաչատրյանն ասաց. «Մենք գործունեություն ենք ծավալում՝ առջեւում ունենալով միայն դրական տրամադրվածություն: Մենք մտադրված ենք ավիաընկերության առաջընթացն ապահովել, ոչ թե վաղվա հանդեպ մտավախությամբ լցվել: Մենք չենք վախենում, որ կփակվենք»:
Նորաստեղծ ավիաընկերությունը, հիշեցնենք, պատրաստվում էր թռիչքներ իրականացնել Մոսկվա եւ ռուսական այլ մեծ քաղաքներ: Ընկերության ուղղություններից պետք է լինեին նաեւ Կիեւը, Մինսկը, Թեհրանը, Դուբայը, Բարսելոնան, Պրահան, մի շարք այլ եվրոպական քաղաքներ: Բայց տեղյակ լինելով, որ Հայաստանում ավիաընկերությունները կա՛մ սնանկացել են, կա՛մ սնանկացման եզրին են (օրինակ՝ «Էյր Արմենիա»-ն), այնուամենայնիվ, հույս ունեին դիմանալ շուկայում:

Փաստորեն, եղավ այն, ինչը կարելի էր պարզապես կանխատեսել:
Եվ այստեղ հարկ ենք համարում հիշեցնել «Էյր Արմենիա»-ի սնանկացման պատճառը: Ինչպես հայտնի է՝ հիմնական պատճառը ռուսական «Աէրոֆլոտ»-ն էր:
Ինչ են անում ստեղծված իրավիճակում հայրենի պետական կառույցները: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը վստահեցրեց. «Անբարեխիղճ, կրիմինալ մրցակցության մասին խոսք անգամ չի կարող լինել: Իսկ եթե ընկերությունը դեմպինգի մասին ապացույցներ ունի, կարող է ներկայացնել: Դրան համապատասխան գնահատական կտրվի»:

Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պարզեցինք, ընդհանրապես ուսումնասիրություններ չի՞ իրականացրել: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը պատասխանեց, որ որեւէ բողոք «Արմենիա» ավիաընկերությունից հանձնաժողովը չի ստացել: Իսկ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ կատարելու մասին դեռեւս տեղեկություն չկա: Ստացվում է՝ ընկերությունը հայտարարում է անբարեխիղճ մրցակցության մասին, իսկ ՀՀ պետական մարմինները որեւէ քայլ չեն ձեռնարկում: Երեկ միայն տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ավիաընկերության սեփականատերերը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ հայտնել իրենց մտահոգությունները: Վարչապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը դժվարացավ հանդիպումից որեւէ տեղեկություն տրամադրել՝ հայտնելով, որ ինքը տեղեկացված է վարչապետի՝ միայն հրապարակման ենթակա հանդիպումների մասին:

Թերեւս դժվար է այս առիթով որեւէ սպասելիք եւ հույս ունենալ՝ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի «ռուսական ծագումը»: Փաստն այն է, որ հայկական ծագմամբ հերթական ընկերությունը կանգնել է փաստի առաջ հայաստանյան ավիափոխադրումների շուկայում տիրող մոնոպոլ վիճակի պատճառով:
Իսկ ինչու ընկերությունը չի դիմում ՏՄՊՊՀ: Ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Խաչատրյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց. «Երբ որ կլինի անհրաժեշտություն, կդիմենք, կանխատեսել այս պահին չեմ կարող: Երբ ղեկավարությունը վերջնական եզրահանգման գա, որ իսկապես գործ ունենք անառողջ մրցակցության հետ, կդիմենք անհրաժեշտ քայլերի»:
Հանուն արդարության պետք է նշել, իհարկե, որ «Արմենիա» ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելուց հետո տարբեր վարկածներ եղան: Շատերը խոսեցին այն մասին, որ ինչ-որ վրացական ավիաընկերություն, որը ձախողել է Վրաստանում, մեկ տարի առաջ որոշել է Հայաստան տեղափոխվելով փրկել իր բիզնեսը: Սակայն սա խնդրի մի մասն է: Ողջ էությունն այն է, որ այս շահերի բախումից, բիզնես-պայքարներից տուժում է միայն քաղաքացին, քանի որ չկա մրցակցություն, չկա որակ եւ գնային բարեխղճություն: Եվ այս ամենը, ըստ ոլորտի մասնագետների, «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերության գայլի ախորժակի հետեւանքն է, որը հայրենի իշխանությունները ոչ մի կերպ չեն փորձում զսպել:

Հ.Գ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 1 մլրդ 536 մլն 949 հազար 73 դրամ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 2 մլրդ 125 մլն 850 հազար 48 դրամ: Ստացվում է՝ այս տարվա երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավիաընկերությունը նվազեցրել է հարկերը: Բայց դա, փաստորեն, ախորժակի վրա չի ազդել:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս