«Հաց բերող» Արթուր Սարգսյանը գտնվում է դինամիկ հսկողության տակ. ստանում է դեղորայքային բուժում

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը գտնվում է դինամիկ հսկողության տակ. ստանում է դեղորայքային բուժում

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ 11.12.2016թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը գանգատվել է սրտխառնուքից, որովայնի հատվածի ցավերից: 12.12.2016թ.՝ 00:15 սահմաններում, կանչվել է շտապօգնություն և «ստամոքսի արյունահոսություն» նախնական ախտորոշմամբ հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ֆիբրոգաստրոսկոպիա, որովայնի ռենտգեն հետազոտություն, արյան լաբորատոր քննություններ: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է՝ «Էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Սահմանվել է դինամիկ հսկողություն, նշանակվել է համապատասխան բուժում՝ «Քվամատել» և «Ֆոսֆոլյուգել» կիրառմամբ:

Ներկայումս Ա. Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին