Հայրենի պատգամավորների անկարգապահ և անլուրջ մոտեցումը. մեծամասնությունը շարունակում է մնալ զուտ ապաքաղաքական «կոճակ»-ի գործառույթ ունեցող կերպար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 13-ին կառավարության առաջարկով ԱԺ-ն գումարեց արտահերթ նստաշրջան, որն ավարտվեց երեկ: Արտահերթի օրակարգում ընդգրկված էին բավական կարեւոր հարցեր` «Գնումների մասին», «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ այլն:

Բայց խորհրդարանի նախընտրական արշավի մեջ գտնվող պատգամավորները էլի սեւեռվեցին աղմկահարույց մեկ-երկու նախագծերի վրա, ելույթներ ունեցան ու շտապեցին իրենց «բանուգործին»: Ու արդյունքում կարեւորագույն մի շարք նախագծեր այդպես էլ մնացին ուշադրությունից դուրս:

Թեեւ մյուս կողմից, հանուն արդարության, պերք է նշել, որ կարեւորագույն նախագծերը ԱԺ-ում ՀՀ կառավարությունը մշտապես բերում է արտահերթ կարգով, գերհագեցած գրաֆիկով, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան ծանոթանալու, քննարկելու, քննադատելու դրանք: Եւ խորհրդարանական մեծամասնությունը պարզապես «դակում» է նախագծերը` խնդրահարույց օրինագծերը դարձնելով օրենք եւ փաթաթելով մեր ուսերին:

ԱԺ արտահերթ նիստում երեկ նման իրավիճակի ականատես եղանք: Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում «Գնումների մասին» օրենքի նախագիծը, պարզվեց, որ կային պատգամավորներ, որոնք հավուր պատշաճի տեղեկացված չէին այս նախագծի մասին:

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց. «Օրենքների արագ բերելու արդյունքում երբեմն չենք կարողանում տեղեկանալ ամբողջ ինֆորմացիայի մասին: Խնդրում եմ ճշտել: Մամուլում հրապարակվեց, որ այս օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի, վարչապետի եւ նախագահի վարչական ծախսերը դառնում են պետական գաղտնիք եւ այլեւս չեն լինելու թափանցիկ: Եթե մենք սխալ ենք հասկացել, խնդրում եմ՝ որեւէ մեկը ճշտի, որովհետեւ դրանից կախված է մեր քվեարկությունը»:

«Ես էլ տեղեկություն չունեմ, թերթում եմ կարդացել»,- արձագանքեց ԱԺ նախագահը (հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել այդ մասին): Շտապեց իրավիճակը փրկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա բացատրեց, որ խոսքն արարողակարգային գնումների մասին է, որոնք պետք է փակ իրականացվեն. «Միայն արարողակարգի, որ ռեստորաններում պետք է հաց ուտեն եւ այլն, այդ երեք մարմինների մասով փակ է»,- նշեց նա: Այվազյանը նաեւ դժգոհեց, որ ընդդիմադիրները ծանոթ չեն այս նախագծին՝ հավելելով, որ մեկ ամսից ավել է՝ քննարկումներ են գնում նախագծի շուրջ:

Ահա այսպես, անճշտությունն ամենեւին չխանգարեց, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունի «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 77, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 22 պատգամավոր` ըստ էության հնարավորություն տալով ՀՀ, ԱԺ նախագահների եւ վարչապետերի արարողակարգային` օտարերկրյա ճամփորդությունների կամ հյուրընկալությունների վրա արված ծախսերն ու տրված նվերները համարվեն պետական գաղտնիք:

Սա ամենամեղմ բնորոշմամբ անգամ խայտառակություն է: Բայց ԱԺ-ի համար կարեւորը բերված նախագծերը դակելն է, որպեսզի նախագահականում եւ գործադիրում գոհ մնան ԱԺ ղեկավարությունից:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկվա նիստի ընթացքում մի քանի անգամ խնդրեց պատգամավորներին չբացակայել նիստերի դահլիճից` նշելով, որ նիստը կարճ է տեւելու, քվեարկություններ ունեն: Սակայն մինչ Գալուստ Սահակյանը վարչապետի կողմից ստացված գրությունն էր ընթերցում` բավականին անհաջող տոնայնությամբ, դահլիճում պատգամավորները աշխուժացան: Նա շտապեց դիտողություն անել. «Ձայները կտրեք եւ լսեք»: Ոչ մի ազդեցություն: Այնուհետեւ մաեստրոն դահլիճում ներկա գտնվող պատգամավորներին հորդորեց սպասել ուշացող գործընկերներին, որպեսզի մյուս հարցերը քվեարկության դնեն. «Դուք համբերեք, մինչեւ պատգամավորները կհավաքվեն»: Օրենսդիրներն էլի շարունակում էին աղմկել: ԱԺ-ն վերածվել էր «շուկայի», եւ նախագահողի խոսքը ոչինչ չարժեր: Գալուստ Սահակյանը բարկացավ. «Մի րոպե հնարավոր չի՞, դա ո՞վ է որ, այ քեզ բա՜ն»: Առաքել Մովսիսյանը վրդովված հետաքրքրվեց. «Ո՞ւմ մասին ա խոսքը», Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Քո չէ, էն մյուսի»:

Ահա այսպես, քանի որ մանդատ ունեցողները «քչություն» էին անում, մի քանի պատգամավորներ սկսեցին «դաշնամուր նվագել» «հարեւան» գործընկերների կոճակների վրա եւ քվեարկեցին կողքինների փոխարեն:

Մասնավորապես «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը քվեարկեց Համլետ Հարությունյանի փոխարեն, անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը` Արայիկ Գրիգորյանի փոխարեն, ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը` կուսակցական ընկեր Տաճատ Վարդապետյանի փոխարեն, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն էլ քվեարկեց Հարություն Ղարագյոզյանի փոխարեն:

Ահա այսպիսի մթնոլորտում ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանը` օրենք դարձնելով բավականին վիճահարույց նախագծեր: Ու ցավալին այն է, որ այս վերաբերմունքը վաղուց ավանդույթ է դարձել մեր երկրում: Տարիներ ի վեր ԱԺ են մտնում մարդիկ, որոնք չեն սիրում օրենք կարդալ, վերլուծություն ու եզրահանգում անել եւ իրոք հանրօգուտ նախագծեր հաստատել: ԱԺ մեծամասնությունը շարունակում է մնալ զուտ ապաքաղաքական «կոճակ»-ի գործառույթ ունեցող կերպար եւ ոչ թե օրենսդիր` բառի ուղիղ իմաստով:

Թամարա Միքայելյան
Վահագն Հակոբյան




Լրահոս