Եթե ուզում ենք օգտակար լինել հայրենիքի համար, ինչու պետք է չհամաձայնեմ համագործակցել. Մանվել Եղիազարյանը` Սեյրան Օհանյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բոլոր քաղաքացիներն էլ քաղաքականությամբ են զբաղվում: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն վերադառնալու մասին, նշեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Կարելի է ասել` ամբողջ մեր հասարակությունը քաղաքականացված է: Իսկ Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելն իր խնդիրն է: Թե նա ինչպես կմեկնաբանի, ինչ վարքագիծ կընդունի, դա իր խնդիրներն են: Ես վստահեցնում եմ ձեզ, որ քաղաքական դաշտում այնպիսի մարդիկ գոյություն ունեն, որոնց չի կարելի համարել քաղաքական գործիչ, իսկ Սեյրան Օհանյանի հետագա գործունեության գնահատականը կտա ժողովուրդը: Այստեղ արտառոց բան չկա, մարդ է` թող զբաղվի քաղաքական գործունեությամբ», – նշեց նա:

Դիտարկմանը, որ տեղեկություններ են շրջանառվում «Համախմբում» կուսակցության և Օհանյանի միջև համագործակցության մասին, Եղիազարյանը նշեց. «Դա ես չեմ որոշում, դա որոշում է կուսակցության վարչությունը: Եթե վարչությունը որոշում կկայացնի համագործակցել, բնական է, որ ես ոչ մի տող ավելացնելու չեմ ունենա: Դա այնպիսի հարց է, որ միանձնյա որոշելիք չէ: Ես ոչ մեկի հանդեպ ոչ մի բան չունեմ արած անձնական: Եթե մի մարդ կարողանա լրացնել այն դաշտը, որով մենք ուզում ենք քիչ թե շատ օգտակար լինել հայրենիքի համար, ինչու ես պետք է չհամաձայնեմ կամ կրավորական կեցվածք ընդունեմ: Օրը կգա, կորոշենք, բայց այժմ այդպիսի որոշում չկա»:




Լրահոս