Կարեն Կարապետյանի մուտքը կառավարություն իսկապես դրայվոտ էր. ի՞նչ փոխվեց 100 օր անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին լրացավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Եւ երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ Կարապետյանը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, գործադիրի անդամներին հանձնարարեց մինչեւ տարեվերջ ավարտել եւ ամփոփել նախորդ նիստերին տրված բոլոր հանձնարարականները:

Մինչ հայրենի նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարները կշտապեն ամփոփել իրենց վերաբերյալ հնչեցված բոլոր հանձնարարականները, «Ժողովուրդ»-ը, հետ հայացք գցելով Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո անցկացրած բոլոր նիստերին, փորձեց ամփոփել վարչապետի պաշտոնավարման 100 օրը: Նշենք, որ այդ ընթացքում Կարապետյանն անցկացրել է կառավարության տասնյոթ նիստ, որից երկուսը՝ արտահերթ:

Կարեն Կարապետյանի մուտքը կառավարություն իսկապես դրայվոտ էր: Մինչ օրս տեղի ունեցած բոլոր նիստերի ժամանակ Կարապետյանի հանձնարարականներից գոնե մեկը տարբերվում էր իր բովանդակությամբ եւ անհրաժեշտությամբ: Այն վերաբերում էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այն է` վերանայել սակագները սոցիալապես անապահով խավի համար: Հանձնարարականն իրականում կատարվեց: Արդեն նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Կարապետյանը անձամբ հայտարարեց. «Սակագները հետեւյալն են՝ 10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257.56 դոլարից դարձել է 242.1 դոլար…»: Հավելենք, որ սահմանվեց նաեւ, որ մինչեւ 10.000 խորանարդ մետր սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Ինչ վերաբերում է ջերմոցներին եւ գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններին, ապա գազի սակագինը 257.56 դոլարից դառնում է 212 դոլար:

Կարեն Կարապետյանի հանձնարարականներից ամենաքննարկվողներից դարձավ նաեւ ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի կրճատման հանձնարարականը: Սեպտեմբերի 29-ին` իր երրորդ նիստի ժամանակ, Կարապետյանը շատ հստակ սահմանեց. «Հանձնարարում եմ գործադիր իշխանության բոլոր մարմիններին վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ»,- ասաց Կարապետյանն ու դրանից որոշ ժամանակ անց բոլոր նախարարները սկսեցին գրեթե ամեն նիստի ընթացքում ՊՈԱԿ-ի կամ ԾԻԳ-ի լուծարման եւ միավորման մասին իրենց որոշումն առաջարկել: Արդեն դեկտեմբերի 1-ին վարչապետը նիստի ժամանակ հայտարարեց, որ մինչ այդ կրճատվել է 5 ԾԻԳ: Չնայած, որ շատերն օպտիմալացումը համարեցին գործազրկության եւս մեկ «աղբյուր», այնուամենայնիվ Կարապետյանը, արձագանքելով այդ տարածված կարծիքին, նշեց. «Կրճատումներով գործազրկությունը շատացնո՞ւմ եմ, մյուս կողմից մշտական բողոքներ են հնչում ոչ արդյունավետ կառավարման, ես կրճատե՞մ, թե՞ պահեմ: Եթե իրենք արդյունավետ չեն, իզուր աշխատավարձ ես տալիս, արդյունք չեն տալիս, պահե՞մ: Համենայնդեպս, ես վստահ եմ, որ մենք ճիշտ ենք անում»:

Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում, բնականաբար, եղան, այսպես ասած, անարդյունք հանձնարարականներ, որոնք այդպես էլ մնացին օդում կախված: Մասնավորապես սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, երբ Էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նորանշանակ վարչապետին էր ներկայացրել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու եւ ոլորտին առնչվող խնդիրների հետ կապված հարցը, վարչապետի եւ նախկին նախարարի միջեւ առաջացել էր տարաձայնություն: Արդյունքում նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանին ասել էր. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»: Այս ամենից կարճ ժամանակ անց էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, եւ նախարար նշանակվեց Սուրեն Կարայանը: Սակայն դրանից հետո, ըստ էության, ոչինչ չփոխվեց: Կարայանին էլ մինչ օրս չի հաջողվել բռնել որեւէ գործարարի ձեռք եւ նրան օգնել լուծելու առկա խնդիրները: Ավելին` այս ընթացքում փակվեց կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ կաթ» ընկերությունը:

Ամենաթարմ օրինակը ներկայացնենք: «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Արարատի մարզի Քաղցրաշեն եւ Այգեզարդ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այսինքն՝ հայրենի նախարարները ըստ երեւույթին մտածել են, որ «գործարարների ձեռքը բռնելու» հանձնարարականը վերաբերում է միայն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, եւ որ իրենք հանգիստ կարող են ոչ միայն չբռնել գործարարի ձեռքը, այլեւ տանել նրան դեպի փակուղի:

Այնուամենայնիվ, արդյո՞ք այս ընթացքում Կարեն Կարապետյանին հաջողվեց Սերժ Սարգսյանի խոսքերն ապացուցել, որ իրականում փոփոխությունների սիմվոլ է, թերեւս` այո՛, կստացվի՞ նրան իրականացնել ծրագրերը, ցույց կտա ժամանակը:

Վահագն Հակոբյան




Լրահոս