Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից համատեղ հանձնաժողով կստեղծվի. ինչ են անելու նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ իշխանական եւ ընդդիմադիր ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը պետք է կազմակերպվի էլեկտրոնային սարքավորումներով, պետք է ՀՀ բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումներ տեղադրվեն, եւ ապահովվի ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը:

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար պետք է իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից համատեղ հանձնաժողով ստեղծվի: Ըստ այդ որոշման` հանձնաժողովը պետք է կազմակերպի ընտրատեղամասերում տեսանկարահանման եւ հեռարձակման գործընթացը, նույնականացման քարտերի եւ անձնագրերի շտեմարանի աուդիտը, էլեկտրոնային սարքերով քվեարկողների սարքերի գրանցման համակարգի ներդրման մշտադիտարկումը: Դրա համար հանձնաժողովը պետք է հայտարարի մրցույթ եւ ըստ այդմ ընտրի այն մասնագիտացված կազմակերպությանը, որը պատասխանատու կլինի բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու, սպասարկելու եւ հեռարձակման համար:

Այն կազմակերպությունը, որը կհաղթի հայտարարված մրցույթը, պետք է տրամադրի թե՛ տեսանկարահանող սարքերը եւ թե՛ ինտերնետ կապը, որպեսզի ընտրությունների օրը կարողանա ապահովել նկարահանման եւ հեռարձակման գործընթացը: Այն կազմակերպությունը, որին կհաջողվի հաղթել այս մրցույթում, տեխնիկական միջոցների եւ դրանց սպասարկման ծառայության համար Հայաստանում ԵՄ ներկայացուցչության կողմից կստանա 2 մլն եվրո: Ի դեպ, ըստ այդ որոշման` այդ հանձնաժողովում կողմերը պետք է ունենան չորսական անդամներ:

Հանձնաժողովն արդեն կազմվել է: Հայտնի է նաեւ այդ հաձնաժողովի անդամների անունները: Իշխանության ներկայացուցիչներն են` Արմեն Սմբատյանը, Տիգրան Աֆրիկյանը, Վազգեն Հարությունյանը եւ Համլետ Աբրահամյանը: Նշենք, որ թվարկվածներից առաջին երեքը Հայաստանի հանրապետական կուսակցությունից են, իսկ վերջինը` ՀՅԴ-ից: Ընդդիմադիր թեւից հանձնաժողովի կազմում ընդգրկվել են` ԲՀԿ-ից Դավիթ Որսկանյանը, ՕԵԿ-ից` Արթուր Սերգոյանը, «Ժառանգություն»-ից` Սյուզաննա Ալեքսանյանը, իսկ ՀԱԿ-ից՝ Ավետիս Ավագյանը: Հանձնաժողովի նախագահը ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ինտերնետ ապահովող չորս` «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Ռոստելեկոմ» եւ «Յուքոմ» ընկերություններից փորձեց պարզել՝ որպես ինտերնետ մատակարարող ընկերություն, արդյո՞ք պատրաստվում են Հայաստանի 2000 ընտրատեղամասերում ապահովել ինտերնետ հասանելիություն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հեռարձակման համար:
Ի պատասխան մեր հարցմանը՝ ընկերությունների պատասխանը գերթե նույնաբովանդակ էր, բացառությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի:

«Ռոստելեկոմ»-ից պատասխանեցին. «2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հեռարձակման նպատակով Հայաստանի ընտրատեղամասերում ինտերնետ հասանելիություն ապահովելու մրցույթին մասնակցության մասին որոշում ընկերությունը կկայացնի, երբ հանձնաժողովի կողմից հրապարակվի համապատասխան որոշում` մանրամասներ ներկայացնելով մրցույթի մասնակցության պայմանների մասին: Այս պահին որեւէ տեղեկատվություն տրամադրել չենք կարող, քանի դեռ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը չի տեղեկացել մրցույթի անցկացման պայմաններին եւ չի գնահատել իրականացման նպատակահարմարությունը»:

«ԱրմենՏել»-ից էլ «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանեցին, որ հնարավորության սահմաններում պատրաստ են մատուցել կապի ծառայություններ իրենց հաճախորդներին: Համապատասխան մրցույթի տեխնիկական պահանջները հայտնի դառնալու դեպքում ընկերությունը կկայացնի համապատասխան որոշում:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը կտրուկ պատասխանել է, որ չի պատրաստվում մասնակցել այդ մրցույթին. «Տեղեկացնում եմ, որ ընկերությունը չի պատրաստվում մասնակցել Ձեր կողմից հիշատակվող մրցույթին»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող Վահե Իսահակյանը:

Հետաքրքիր է, թե, այնուամենայնիվ, իրականում որ ընկերությունը կստանձնի ապահովել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առցանց հեռարձակումը:




Լրահոս