Փեսայական մենաշնորհը օրհնություն է ընկալվում. պայքար չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է՝ խոսվում է, որ Հայաստանի լրատվական դաշտի ամենաառանցքային խնդիրը դարձել է գովազդի բաշխումը: Բազում բարձրաձայնումներ են եղել այն մասին, որ հեռուստաընկերությունների գովազդի շուկայի առյուծի բաժինը տնօրինում են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին դե ֆակտո պատկանող լրատվամիջոցները՝ «Սելս հաուս» ընկերության հովանու ներքո:

Սակայն, ինչպես հայտնի է, իշխանական կուսակցությունները եւս իրենց հեռուստաալիքներն ունեն, որոնք գովազդի բացակայության պատճառով փաստացի չեն կարողանում իրենց ֆինանսական խնդիրները լուծել: Բայց որպես կանոն լռում են՝ ավելորդ խնդիրների մեջ չընկնելու համար: Եվ զարմանալի էր, որ այս տարվա սեպտեմբերի 15-ին «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խորհրդարանում բարձրաձայնեց հեռուստաընկերությունների գովազդային շուկայի կենտրոնացված լինելու մասին` զգուշավոր, առանց անուններ նշելու:

Հիշեցնենք, որ Հ3 հեռուստաընկերությունը պատկանում է նախկին ՕԵԿ, այժմ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ի դեպ, կարող է թյուր կարծիք ստեղծվել, թե Միքայել Մինասյանի թիմը հեռուստաընկերությունների եւ կայքերի գովազդային շուկան վերահսկում է եկամուտ ստանալու նպատակով: Մինչդեռ իրականում այդ մենաշնորհի միջոցով ֆինանսավորվում են իշխանական լրատվամիջոցները, իսկ ազատ մամուլը կայուն եւ բավարար ֆինանսավորումից զրկվելու պատճառով չի կարողանում զարգանալ: Հենց այս համակարգի շնորհիվ է, որ իշխանություններին հաջողվում է Հայաստանի լրատվական դաշտի մեծամասնությանը վերահսկողության տակ պահել: Լրատվական կայքերի, տպագիր մամուլի գովազդի շուկան եւս մեծ մասամբ գտնվում է նույն թիմի վերահսկողության տակ: Այսպիսով՝ ինչպես տնտեսությունում, լրատվական դաշտում եւս բոլոր խնդիրների պատճառը մենաշնորհն է, որի դեմ պայքարի նույնիսկ իմիտացիա չի արվում:

«Ժողովուրդ» օրաթերթը պատգամավոր Մհեր Շահգելդյանի հայտարարությունից հետո դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ հասկանալու համար՝ ինչ քայլեր են ձեռնարկվել գովազդի շուկան վերահսկելու եւ մենաշնորհի դեմ պայքարելու ուղղությամբ: Ի պատասխան մեր հարցի՝ այդ ժամանակ հայտնել էին, որ պատգամավորի ելույթին հետեւած մեր հրապարակման հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվում՝ ըստ ընթացակարգի:

Ավելի ուշ, երբ կրկին դիմեցինք ՏՄՊՊՀ՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկանալու համար, պարզվեց՝ հանձնաժողովը դիմում է ուղարկել ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանին, ով պատասխանում էր ԱԺ-ում մենաշնորհի հետ կապված Մհեր Շահգելդյանի հարցին: Տ. Հակոբյանը հանձնաժողովին պատասխանել է, որ խնդրին տեղյակ չէ, փաստեր չունի: Եվ այսքանով ուսումնասիրությունները փաստորեն ավարտվել են:

Իհարկե, Արտակ Շաբոյանի հանձնաժողովի ուժը միայն գարեջրի, ծայրահեղ դեպքում մանր-մունր բիզնեսների վրա է պատում, որոնց տուգանելու համար որոշումներ կայացնելուց հետո նա խնդիրներ չի ունենա: Իսկ փեսայական մենաշնորհը օրհնություն է ընկալվում:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս