«Սասնա ծռերի» անխուսափելի ձախողումը ակներևաբար կարծրացրեց Սերժ Սարգսյանի դիրքերը. 2016-ի ամփոփում

«Սասնա ծռերի» անխուսափելի ձախողումը ակներևաբար կարծրացրեց Սերժ Սարգսյանի դիրքերը. 2016-ի ամփոփում

2016 թվականը Հայաստանի համար դարձավ 2008թ. հետո թերեւս ամենածանր տարին` հաշվի առնելով մեր երկիրը փոթորկած այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք էին ապրիլյան պատերազմը եւ ՊՊԾ գնդի գրավումը: Արտաքին եւ ներքին քաղաքական անորոշությունների ու հակասականությունների շարքը ամբողջացավ կառավարության փոփոխությամբ եւ քաղաքական դաշտի քաոսային բնույթով: Միով բանիվ` 2016թ. դրսեւորվեց իր գերբացասական առանձնահատկությունների ամբողջական համալիրով` 2017թ. համար թողնելով ծանր ժառանգություն:

«Սասնա ծռերի» խենթությունը

Ապրիլյան պատերազմի ծանր հետեւանքները ներքաղաքական ասպարեզում ուրվագծվեցին «Սասնա ծռեր» խմբի սկսած «ապստամբությամբ»: Այն, վերջնական նպատակ հռչակելով պատերազմում փաստացի տարածքային կորուստներ տված իշխանությունների հեռացումը, ոչ միայն չկարողացավ հասնել իր նպատակին, այլեւ նոր ներհասարակական բաժանարար գծեր առաջացրեց:

Հուլիսյան իրադարձությունները թուլացրին թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը, սակայն շահեց բացառապես իշխանությունը: Որքան էլ պարադոքսալ հնչի, ապստամբությունը ձեռնտու էր միմիայն Սերժ Սարգսյանին: Նա նախ հնարավորություն ունեցավ արտաքին աշխարհին բացատրելու ԼՂ հարցում խիստ հավանական թվացող զիջումների չգնալու իր քայլը: Երկրորդ` Սարգսյանը ստացավ հիմնական քաղաքական ուժերի աջակցությունը ներքին լեգիտիմության բարդույթի հաղթահարման համատեքստում: Վերջապես, իշխանությունը ցույց տվեց, որ նույնիսկ զինված ապստամբությամբ իրեն հաղթել հնարավոր չէ:

Սա բավականին ցավոտ ազդակ էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ապրիլյան պատերազմի փաստացի կորուստներից հետո պետք է ուղարկեր հասարակությանը: Եթե ընտրությունների ու խաղաղ հեղափոխության միջոցով իշխանափոխության տարբերակները վաղուց արժեզրկվել էին, ապա զինված պայքարի դուռը դեռ բաց էր մնացել: «Սասնա ծռերի» անխուսափելի ձախողումը ակներեւաբար կարծրացրեց Սերժ Սարգսյանի դիրքերը թե՛ երկրում, թե՛ առաջնահերթորեն իշխանական բուրգի ներսում:

Շարունակելի…

Առաջին մասը՝  այստեղ

Ն. Հովսեփյան