11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ II

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունն սկսում է նոր շարք: Ամփոփելով 2016 թվականը, այսօրվանից սկսած, ՀՖՖ պաշտոնական կայքում Ձեր ուշադրությանը կներկայացնենք իրադարձություններ, որոնք մեր կարծիքով ամենակարևորն են եղել հայկական ֆուտբոլի համար անցնող տարում: Իրադարձությունները կդասակարգենք ոչ թե ըստ կարևորության, ինչը կարող է սուբյեկտիվ լինել, այլ ըստ ժամանակագրության:

Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը և հայկական ֆուտբոլի մի քանի ռեկորդներ

Մայիսի 28-ին Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում կայացավ Հայաստան-Գվատեմալա ընկերական հանդիպումը, որն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 7:1 հաշվով: Այս խաղում գրանցվեց միանգամից մի քանի նոր ռեկորդ հայկական ֆուտբոլի համար։ Նախ, Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշիվներով։ Հայաստանի հավաքականը երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլև 5 և 6 գնդակ։ Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իռլանդիայի դեմ մրցավեճում։ Ռեկորդներից զատ եղան նաև հետաքրքիր այլ իրադարձություններ։ Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոյանը, իսկ Արթուր Սարկիսովը կրկին աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց հետո։

0-1` Կառլոս Ռուիս, 7

1-1` Հենրիխ Մխիթարյան, 39

2-1` Էդգար Մանուչարյան, 45

3-1` Գեղամ Կադիմյան, 50

4-1` Հենրիխ Մխիթարյան, 60

5-1` Հենրիխ Մխիթարյան, 70

6-1` Արթուր Սարկիսով, 73

7-1` Զավեն Բադոյան, 84

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1․ Արսեն Բեգլարյան, 3. Վարազդատ Հարոյան, 5․ Գաել Անդոնյան, 8․ Մարկոս Պիզելլի (11. Արթուր Սարկիսով, 66), 9. Գոռ Մալաքյան (15. Բենիկ Հովհաննիսյան, 74), 10. Տիգրան Բարսեղյան, 18․ Հենրիխ Մխիթարյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 20. Լևոն Հայրապետյան, 22․ Էդգար Մանուչարյան (17. Արտակ Եդիգարյան, 62), 24. Գեղամ Կադիմյան (23. Արաս Օզբիլիս, 62)

Պահեստայիններ՝ 12․ Գոռ Մանուկյան, 16․ Անատոլի Այվազով, 2․ Դավիթ Հակոբյան, 4․ Տարոն Ոսկանյան, 13․ Կամո Հովհաննիսյան, 14․ Սերգեյ Ավագիմյան, 21․ Դավիթ Մանոյան

Գլխավոր մարզիչ՝ Վարուժան Սուքիասյան

 




Լրահոս