«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմի ամանորյա շնորհավորանքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում հաջողություններով լի տարի:

Թագուհի Թովմասյան

2016 թվականը, ցավոք, կորուստների տարի էր, ունեցանք զոհեր ու վիրավորներ երկրի ներսում եւ սահմանին (ապրիլյան պատերազմի, ոստիկանության գնդի գրավման օրերին): Թե ինչ հետեւություններ արեց գործող իշխանությունը, դժվար է միանշանակ ասել, բայց կուզեմ, որ 2017 թվականին սպասվող ներքաղաքական լարված փորձություններից անցնցում դուրս գանք, եւ խաղաղություն լինի ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմանին: Պետք է իշխանական էլիտան տուրք չտա խարդավանքներին ու պետական մտածելակերպ ձեւավորի: Միասնականությունն այլընտրանք չունի: Շռայլելու ժամանակներն անցել են:

Արեւիկ Սահակյան

2017թ.-ի ամենակարեւոր մաղթանքը՝ խաղաղություն. թող որ գալիք տարում մեր զինվորների մայրերը միայն ուրախության արտասուքներ հեղեն: Հաջորդիվ՝ մեզ բոլորիս մաղթում եմ լավատեսություն. թող որ գալիք տարում ավելի շատ կարողանանք գնահատել լավն ու չհուսահատվել վատից:

Սյունէ Համբարձումյան

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, 2017 թվականից միայն լավ սպասումներով…. Ու թող մեր յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանա նախեւառաջ Աստծո հավանությանը:

Աննա Բաբաջանյան

Ինչպես ամեն տարվա, 2017-ի հետ էլ կապում եմ նորանոր հույսեր: Բայց որպեսզի այդ հույսերը լինեն արդարացված, ես՝ որպես մշակութային լրագրող եւ պարզապես քաղաքացի, ցանկանում եմ ունենալ երաշխիքներ: Ուզում եմ, որ իմ երկրում մշակույթին չվերաբերվեն որպես բիզնես ոլորտի, որ մտավորականը լինի ժողովրդի խոսափողը, իսկ ինտելեկտն ու բարեխղճությունը` հաջողության անցաթուղթ:

Արփինե Թովմասյան

Թող այս տարի մարդիկ միայն բարությամբ լցվեն եւ միմյանց նկատմամբ լինեն բարի… Ցավալի է զգալ չար մարդկանց ներկայությունը… Անսպառ ժպիտներ բոլորիս…

Էդվարդ Արզումանյան

Թող գալիք տարին հաջողության ու նպատակների իրականացման տարի լինի: Ու թող գալիք տարում պետությունը առավել քան ուշադրություն դարձնի մարզերում բնակվողներիս խնդիրներին ու հոգսերին:

Լիաննա Խաչատրյան

Թող տարվա սկիզբն ազդարարող ժամացույցի զարկերի հետ մեր բոլորի ընտանիքներում լույս ու բարություն տիրի: Թող ամեն ընատնիքում մանկան ճիչեր լսվեն, իսկ ժպիտները չպակասեն մեր բոլորի դեմքերից: ՇՆՈՐՀԱՎՈՐ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Լիդա Եղիազարյան

2016 թվականը դժվար տարի էր մեզ՝ հայերիս համար: Այս տարի Հայաստանում բազմաթիվ իրադարձություններ եղան՝ ապրիլյան պատերազմ, ոստիկանության պարեկային գնդի գրավում, կառավարության փոփոխություն: Այս փոփոխությունների հետ մեկտեղ ցանկանում եմ 2017թ-ին ազգիս գլխից արհավիրքներն անհետ վերանան: Խաղաղություն մեզ բոլորիս:

Հովսեփ Հովսեփյան

Այս գալիք Նոր տարում բոլորին թող ուղեկցի հաղթանակը, թող բոլոր խնդիրները մնան անցյալում, թող այս Ամանորը լինի ուրախ եւ հրաշքներով լի…: Շնորհավոր Նոր տարի:

Նաիրա Հովհաննիսյան

2016 թվականը լի էր փորձություններով: Թող որ 2017 թվականը լինի միայն ձեռքբերումների տարի, եւ ետեւում մնան բոլոր տխրություններն ու փորձությունները, որոնք եղան 2016-ին: Ամենակարեւորը, թող սահմանին միշտ խաղաղություն լինի: Անցնող տարվա գլխավոր մարդը հայ զինվորն է:

Նատալյա Պողոսյան

Շնորհավորում եմ հայ ժողովրդի Ամանորը: Թող 2017-ը լինի խաղաղության, ձեռքբերումների եւ զարգացումների տարի: Թող հայ մանուկի եւ հայ զինվորի աչքերը միշտ փայլեն:

Նարեկ Սարգսյան

Թող այս Նոր տարին խաղաղություն, լավ գաղափարների իրականացում եւ լավատեսություն բերի, որը մեզ ամենաշատն է պակասում:

Ոսկան Սարգսյան

Սահմանամերձ, գեղատեսիլ Տավուշից Ամանորի լուսավոր առիթով բարեմաղթում եմ մեր հայրենիքի սահմաններին՝ խաղաղություն, ժողովրդին՝ առողջություն, բարի աշխատանք, ընտանեկան երջանկություն: Պաշտոնյաներին համեստություն եմ մաղթում, որ իջնեն բարձր աթոռներից եւ կանգնեն հասարակ մարդկանց կողքին, նրանց հոգսերին կարեկից լինեն:

Վահագն Հակոբյան

Սիրելի՛ հայրենակիցներ, ահա եւս մեկ տարի մոտեցավ ավարտին` իր ձեռքբերումներով եւ բացթողումներով, իր բացասական եւ դրական կողմերով: Շնորհավորելով Ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ` ցանկանում եմ առողջություն եւ 2017 թվականի մարտահրավերներին դիմագրավելու համար անսասան ոգի:

Տաթեւ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացի, թող որ անցնող տարում արտագաղթելու Ձեր նպատակներն ու ծրագրերն ի չիք դառնան, եւ գալիք տարին Ձեր երկրում արարելու եւ ապրելու ցանկությամբ լի տարի լինի: Նորաստեղծ կառավարության հետ առաջացած հույսի նշույլն ավելի մեծանա, եւ բոլոր սպասելիքներն իրականություն դառնան: Շնորհավոր նոր` 2017 թվական:

Քնար Մանուկյան

Ուզում եմ Հայրենիքիս բոլոր մանուկները ապրեն անհոգ մանկություն, տատիկներն ու պապիկները՝ արժանավայել ծերություն, իսկ Հայրենքիս սահմանը պահող զինվորը միշտ հիշի, որ ինքը հաղթել ու հաղթելու է:

Քրիստինե Պողոսյան

Շնորհավորում եմ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ողջ հայության Ամանորը: Հաղթանակների եւ նվաճումների տարի եմ մաղթում բոլորին:

Գոհար Գեւորգյան

Եթե ընտանիքում խաղաղ են ու երջանիկ, դու էլ ես երջանիկ, եթե տունդ լուսավոր է ու ապահով, դու էլ ես ապահով: Մեր մեծ ընտանիքը Հայաստանն է: Խաղաղություն, լույս, ջերմություն, ի՛մ Հայաստան, սիրելի՛ հայեր, համբերատա՛ր մայրեր եւ մեզ պահապան, արիասի՛րտ զինվորներ: Շնորհավոր:

Անուշիկ Խաչատրյան


Գալիք տարին մանուկներին անհոգություն, տարեցներին առողջություն, մեր սահմաններին էլ կայունություն թող բերի: Խաղաղություն ամենեցուն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:




Լրահոս