«Նոր տարվա մյուզիքլ». երաժշտական և գեղարվեստական նոր մոտեցում` Կոնսերվատորիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական, դասական, ջազային իմպրովիզներ, հումոր. այսպես են դիմավորում Ամանորը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ):

«Նոր տարվա մյուզիքլ» միջոցառման ընթացքում դեկտեմբերի 27-ին բուհի տարբեր բաժինների առաջին կուրսի ուսանողները ներկայացրին երաժշտական կատարումներ և հումորային համարներ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), ՀՀԿ ԵԿ-ն և բուհի ուսանողական խորհուրդը: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորեց այն հանգամանքը, որ սովորելով դեռ առաջին կուրսում, երիտասարդները կարողանում են նման բարձր տրամադրություն ապահովել: Պատգամավորը նշեց. «Սա նշանակում է, որ նրանք հավատում են այն մասնագիտությանը, որ ընտրել են և այն գործին, որով զբաղվում են»:

«Նոր տարվա մյուզիքլ»-ի բեմադրող ռեժիսորը Վահե Զիրոյանն է, պարուսույցը` Դիանա Հայրապետյանը: Մյուզիքլի ընթացքում երիտասարդ կատարողները տարբեր հմտություններ ցուցադրեցին` վոկալի միջոցով տարբեր գործիքների ձայներ հնչեցրին, վոկալի բաժնի ուսանողները կոնտրաբաս, դաշնամուր էին նվագում: Ողջ ցերեկույթի ընթացքում իր կատարումներով հանդես էր գալիս բուհի նվագախումբը:
ԵՊԿ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Բեկյանը տեղեկացրեց, որ հատուկ ընտրվել են առաջին կուրսի ուսանողները, որպեսզի նրանց դրսևորվելու և առաջին քայլերն անելու հնարավորություն տրվի. «Հանդես գալով ԵՊԿ-օպերային ստուդիայի բեմից` առաջին կուրսի ուսանողներն ավելի կաշխուժանան, իրենց կդրսևորեն որպես արտիստներ: Նրանք առաջին քայլերն են անում այս բեմում, որտեղ հանդես են եկել ջազային և օպերային հայտնի երգիչներ»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս