Պետք է ընդվզմամբ կանխենք աղետը. ՀԽ-ի և «Սասնա ծռերի» ամանորյա ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և «Սասնա Ծռեր» խմբավորումը Ամանորյա ուղերձ են հղել, որում մասնավորապես ասվում է

«29» դեկտեմբերի 2016թ. ք.Երևան

Սիրելի՛ հայրենակիցներ

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների բարեմաղթությունների փոխարեն թշնամին ստիպում է մեզ նորից խոսել զոհերի մասին:

Վարժեցնելով մեզ կորուստների անխուսափելիությանը, նա որդեգրել է մաշեցնող պատերազմի մարտավարություն՝ փորձելով սուգը դարձնել մեր ընտանիքների սովորական հոգեվիճակ: Իսկ օտարի շահերին լծված ազգադավ վարչակազմը, չկատարելով իր վրա դրված արժանապատվորեն հակազդելու պարտականությունը, ամեն ինչ անում է ժողովրդի մեջ արտաքին հովանավորի անհրաժեշտության գիտակցություն ներարկելու համար:

Այո, դժբախտաբար մարդկային, տարածքային, քաղաքական և քաղաքացիական կորուստներով ենք մտնում Նոր տարի: Այդ և գալիք կորուստների վերաիմաստավորման անհրաժեշտությունը ստիպում է մեզ վերհիշել մեր ով լինելը և գիտակցել պահի պատմականությունը:

Հայ ժողովուրդն արդեն մի քանի հազարամյակ տարածաշրջանի կարևոր բաղկացուցիչ միավորի՝ Հայաստանի տերն ու կերտողն է: Այդ հազարամյակների ընթացքում մեր այս կարգավիճակը պահպանելու ու նորոգելու, մեր պատմական առաքելությունը վերահաստատելու բազմաթիվ առիթներ ու անհրաժեշտություններ են եղել: Այժմ մենք ապրում ենք այդպիսի հերթական ժամանակահատվածում:

Առնվազն առաջիկա տասնամյակը լինելու է միջպետական հարաբերությունների տուրբուլենտության, արտաքին ու ներքին վայրիվերումների տասնամյակ: Միջազգային գլոբալ անկայունության ներկայիս պայմաններում տարածաշրջանի այսօրվա քաղաքական օրակարգում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով ձևավորված միավորների սահմանների վերանայումը և նոր միավորների առաջացումն է:

Պետք է խոստովանենք, որ նման դարակազմիկ փոփոխությունների շեմին ենք մոտենում շատ ծանր բեռով և խորապես հակասական վտանգավոր ճգնաժամային վիճակում: Որպես ժողովուրդ՝ ունենալով նոր ստեղծվող իրավիճակի ձևավորմանը մասնակցելու և տարածաշրջանային սուբյեկտի դերով կայունության ու բարգավաճման նոր ափ դուրս գալու ներուժ, որպես պետություն՝ հայտնվել ենք կորստի և դրան հետևող աղետի ընթացքի մեջ:

Մեր պետությունը (Արցախը ներառյալ) ռուսական ֆանտոմային կայսրության՝ Եվրասիական միության գաղութի է վերածվել: Նրա գաղութային վարչակազմին հանձնարարված է հասարակությանը հոգեբանորեն նախապատրաստել ազատագրված տարածքները հանձնելուն և ապավինել պերմյակովներից բաղկացած «խաղաղապահ» ուժերի ողորմածությանը: Զուգահեռաբար՝ ավարտին են մոտենում Հայկական բանակի ռազմավարական կառավարումը Ռուսաստանին հանձնելու և ԵԱՏՄ գերության մեջ մեզ լիակատար սնանկացման մատնելու գործընթացները:

Եթե այս ծրագիրն իագործվի, դոմինոյի սկզբունքով Արցախի, Մեղրու միջանցքի, ամբողջ Սյունիքի, հայրենաբնակ հայության և Հայրենիքի այս վերջին կտորի կորուստները կհաջորդեն իրար: Ռուսաստանին տարածք է պետք կայազորի համար, ոչ թե Հայաստան երկիր ու պետություն, ուստի մեր դարավոր թշնամու հետ նա, ի վերջո, հենվելով նաև նախկին փորձի վրա, լեզու կգտնի, բայց արդեն առանց մեզ:

Սակայն մեր պատմությունը հուշում է, որ օտարի ու նրա խամաճիկ յուրայինի ձեռքով իրագործվող այսպիսի ընթացքը առաջին անգամը չէ, որ մեզ լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնեցրել: Եվ այդ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ աշխարհի ու տարածաշրջանի բոլոր դարակազմիկ վերաձևումների ժամանակ մենք կարողացել ենք, հավատարիմ մնալով մեր առաքելությանը, նորից ու նորից հարություն առնել և ինքնիշխան կերպով շարունակել մեր պատմական երթը՝ որպես տարածաշրջանին ու աշխարհին քաղաքակրթական արժեք ավելացնող ժողովուրդ:

Ներկայիս փուլում գաղութային վարչակազմը լծվել է 2017թ. գարնանը նախատեսված ընտրությունների միջոցով իր լեգիտիմացման գործին, որպեսզի կարողանա իրագործել իրեն հանձնարարված հրեշավոր ծրագիրը:

Այդ պատճառով՝ մեր առաջադրանքը պետք է լինի նշված ծրագրի խափանումն ու հայության ազգային առաքելության վերահաստատումը: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ընդվզելու: Եթե արտաքին կամ ներքին թշնամու տված կամ մեկ այլ առիթ լինի, ապա մինչ ընտրությունները: Իսկ եթե ոչ՝ պետք է բոյկոտի միջոցով ապալեգիտիմացնենք գաղութային քրեաոստիկանապետական վարչակազմին, ավելի հանգամանալից կերպով ինքնակազմակերպվենք և ընդվզմամբ կանխենք աղետը:

Ապալեգիտիմացման համար բնավ անհրաժեշտ չէ, որ հասարակության հեղինակազրկված հատվածը ևս մասնակցի դրան: Համատարած բոյկոտի կարիք չկա: Բավական է, որ բոյկոտին մասնակցի հասարակության գիտակից ու կամային մասի կորիզը՝ հոգեբանական, իրավաքաղաքական և գործնական առումներով մերժելով մասնակցությունը դավաճանությանը, գաղութային վարչակազմում տեղ գրավելու բորենիական գզվռտոցին ու բոյկոտը որպես ռեսուրս օգտագործելով՝ այդ մերժման հենքի վրա ազատ ու արժանապատիվ համախմբվածությամբ ինքնորոշվի դեպի ընդվզում և կազմակերպի այն՝ դառնալով դրա միջուկն ու քարշակը: Իսկ ընտրությունների հետ դեռևս հույս կապող և ազնիվ մղումներ ունեցող Հայաստանի քաղաքացիները և մեր արտերկրաբնակ հայրենակիցները, կասկած չունենք, հընթացս կմիանան ընդվզմանը:

2016թ. բոլոր ծանր կորուստներով հանդերձ հիշենք, որ Նոր տարի ենք մտնում նաև ազգային ոգու պոռթկումների ձեռքբերումներով ամրապնդված հույսով ու հավատով:

Ապրիլյան քառօրյան և «Սասնա Ծռեր» շարժումը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն այսօր էլ ունի ցասման և ոգու տրամաբանությամբ պոռթկալու ներուժ: Այն ունի նաև իր կամքը պարտադրելու սառը կարողություն: Ըստ այդմ՝ քաղաքական ասպարեզ է բացվել Հայաստանի նոր կարգավիճակի և պատմական առաքելության վերահաստատման համար, ինչն առաջիկայում պետք է իրականացվի Կուր-Արաքսյան ազգային-ժողովրդավարական Նոր Հանրապետության հիմնադրմամբ և նրա հետագա գործունեությամբ:

Սուվերենի կամքով ստեղծվող այս քաղաքական իրողության հետ ստիպված են լինելու հաշվի նստել թե՛ ռուսներն ու թուրքերը, թե՛ ամերիկացիներն ու իրանցիները և թե՛ այլոք: Ուստի՝ հավատարիմ լինենք մեր առաքելությանը, հավատա՛նք ի վերուստ մեզ տրված ուժերին և գործե՛նք արժանապատվությամբ:

Բոլորիդ շնորհավորում ենք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում մարդկային երջանկություն ու ազգային իղձերի կատարում:

Մե՛նք ենք տերը մեր երկրի:




Լրահոս