«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով կդիմի կառավարություն

«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով կդիմի կառավարություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարությանն ուղղված գրություն է պատրաստում, որով պահանջում է լուծարել Վանաձորի ավագանին, հիմնավորելով, որ այն անգործունակ է: Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 10-ից հետո մինչ օրս Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քվորումի բացակայության պատճառով չի կարողացել ավագանու նիստեր գումարել: Ընտրություններից հետո մինչ օրս ավագանու նիստ կայացել է հոկտեմբերի 10-ին, որի ժամանակ էլ Ասլանյանն ընտրվեց քաղաքապետ:

Նշենք, որպես Կառավարությանն ուղղված գրության հիմք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համարում է ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածը, որի համաձայն, եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում և  քաղաքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում,  ապա ավագանու լիազորությունները Կառավարության որոշմամբ կարող են կրճատվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել էր 13 մանդատ, «Լուսավոր Հայաստան»-ը 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, իսկ ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: Եվ չնայած «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և  «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջև կնքված համաձայնագրով այս կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն իրենց ձայնը պետք է տային Քրիստ Մարուքյանին, սակայն Ասլանյանը հոկտեմբերի 10-ին կայացած փակ քվեարկության արդյունքում ստացավ 19 ձայն, իսկ Մարուքյանը` 14: Մինչ օրս դա ավագանու միակ նիստն էր եղել: