Նախընտրական խառնաշփոթ. ովքեր են քաղաքական դաշտի «չկողմնորոշածները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մարտի 5-ից մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը: Ըստ այդմ քաղաքական ուժերին մոտ մեկ ամիս է մնացել՝ ընտրություններին մասնակցելու շուրջ անհրաժեշտ հստակեցումներն անելու համար: Հստակ է մեկ բան. թե 2016-ի տարեվերջից սկսած, թե այժմ քաղաքական դաշտում առկա ուժերի միջև ակտիվ քննարկումներն ու բանակցությունները չեն դադարում, սակայն «չկողմնորոշվածներ» դեռ կան:

Թերևս հստակ է, որ իշխող ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն մասնակցելու են ընտրությունների, սակայն միայնակ՝ առանց դաշինքի: Հստակ է նաև այն, որ ընտրություններին «Ելք » անվամբ դաշինքով կմասնակցեն ՔՊ, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Մյուսների առումով անորոշությունն ակնհայտ է:

Քաղաքական երկրորդ ուժ ԲՀԿ-ն կարծես չի շտապում հստակեցնել իր ապագա ծրագրերը, կմասնակցեն դաշինքով, թե միայնակ: Թերևս այստեղ վճռորոշ դեր կխաղա ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝  քաղաքականություն վերադառնալու հետ կապված վերջնական որոշումը, ինչը դեռևս ուշանում է:

«Համախմբում» կուսակցությունն այս պահին ակտիվ քննարկումների մեջ է: Տեղեկացանք, որ բանակցող խումբ է ստեղծվել և ակտիվ հանդիպումները չեն դադարում: Երեկ ArmLur.am-ի  թղթակցի հետ զրույցում հենց «Համախմբում» կուսակցության հետ քննարկումների մասին հայտնել էր  նաև ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ում խոսքով, այդ քննարկումներից անմասն չեն քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Ժառանգություն» կուսակցությունը: Վերջինիս հարցում անորոշությունը սակայն ավելի մեծ է: Մեզ հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել էր, թե նույնիսկ քննարկվում է ընտրություններին, առհասարակ, չմասնակցելու տարբերակը: Նշենք, որ այս ընթացքում Արմեն Մարտիրոսյանը շատ հանդիպումներ է ունեցել մեծ թվով ուժերի հետ: Սակայն, հայտնի է, որ, օրինակ կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն դեմ է դաշինքներին, իսկ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մշտապես ԱՄՆ-ում է և կարծես ամենևին դուրս է մնացել այս գործընթացներից: Իսկ, ըստ տեղեկությունների, Անահիտ Բախշյանն էլ կարող է  ընդգրկվել «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում:

«Հայկական վերածնունդ»-ը ևս վստահաբար մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, սակայն դաշինքների հետ կապված որևէ բան կրկին որոշված չէ: Նրանք մշտապես հայտարարել են, որ բոլոր ցանկացողներն կարող են իրենց միանալ, սակայն հենց իրենք որևէ կուսակցության հետ համատեղ մասնակցելու ցանկությամբ հանդես չեն եկել: ՀԱԿ-ը ևս վստահաբար հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, ովքեր ևս հայտարարում են, թե բաց են, պատրաստ են համագործակցության: Այս ընթացքում ակտիվ քննարկումների մեջ են գտնվում նաև կուսակցություններում չընդգրկված պատգամավորները և այս քաղաքական խառնաշփոթում փորձում են գտնել իրենց «տեղը»: Թե ում ինչպես կհաջողվի, ցույց կտա ժամանակը…

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս