Ինչո՞ւ «Ալիշան» գործարանի` աճուրդի հանված գույքը չի վաճառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանի՝ աճուրդի հանված գույքը չի վաճառվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերության գույքի վերջին աճուրդը, որը անցկացվել էր անցած տարվա դեկտեմբերի 14-ին, կայացել է մասնակի: Իսկ հաջորդ աճուրդը կկայանա փետրվարի 3-ին՝ առանձին լոտերով, բաց դասական եղանակով:

Նշենք, որ շուրջ տասը տարի գործող «Ալիշան» պահածոների գործարանի հիմնադիր տնօրեն Սերժիկ Մոսեսյանը 1998-1999թթ. Իրանից վերադարձել էր Հայաստան եւ հիմնել գործարանը: Այն տարվա ընթացքում ուներ 50-60 աշխատող, իսկ ամռան ամիսներին աշխատողների թիվը հասնում էր 150-ի: Դեռեւս 2013 թվականին Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը հայտնվել էր փակման եզրին: Գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի խոսքով՝ պատճառը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված սխալ հաշվարկներն էին, ինչի արդյունքում գործարանը 2015 թվականի սեպտեմբերի 25-ին աճուրդի հանվեց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աճուրդի են հանվել մրգերի եւ բանջարեղենի վերամշակման համար անհրաժեշտ հոսքագծեր, տեխնոլոգիական սարքավորումներ, գործիքներ, որոնց մեկնարկային գինը կազմում է ավելի քան 83 մլն դրամ:

Նաեւ «Գազ 2705-414» մակնիշի 2007 թվականի արտադրության ավտոմեքենա, որն անսարք է, անվադողերը մաշված:

Նշված ավտոմեքենայի մեկնարկային գինը 401 հազար դրամ Է: Աճուրդի են հանվել նաեւ գործարանի «Գազ 2705-414» մակնիշի 2007 թվականի արտադրության 4 հատ բեռնատար ավտոմեքենաներ, որոնք տեխնիկական խնդիրներ ունեն: Աճուրդի են հանվել նաեւ ավտոբուս, բեռնատար, մարդատար այլ ավտոմեքենաներ, որոնք հին տարեթվի արտադրության են եւ ունեն բազմաթիվ տեխնիկական խնդիրներ:

Դրանց մեկնարկային գները սկսվում են 134 հազար դրամից: Օրինակ՝ 1996 թվականի արտադրության «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկի դռան ներքեւի հատվածը փտած է, աճուրդի է հանվել 441 հազար դրամ մեկնարկային գնով: Իսկ ավտոամբարձիչը, որը մարտկոց չունի, աճուրդի է հանվել 701 հազար դրամ մեկնարկային գնով: Տեղեկացնենք, որ գործարանի արտադրանքը աճուրդի հանված չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս