«Գյուղացու հոգսը իրեն հերիք է». ծաղկասարցիներին խորհրդարանական ընտրությունները չեն հետաքրքրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր Արտենի լեռան հարավ-արեւմտյան լանջին գտնվող Ծաղկասար գյուղում ձմեռները տեւական են եւ ցուրտ: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1990 մ բարձրության վրա:

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկասար գյուղում այժմ ապրում է մոտ 18 ընտանիք: Գյուղի դպրոցը դեռեւս 2008 թվականից չի գործում: Իսկ աշակերտները, որոնք 14-ն են, հաճախում են հարեւան Մաստարա գյուղի դպրոց: Հատուկ տրանսպորտային միջոց կա, որով առավոտյան երեխաները գնում են դասի, ապա հետ վերադառնում: Սակայն մեծ դժվարություն է երեխաների համար հարեւան գյուղում դպրոց հաճախելը, հատկապես ցուրտ եղանակներին: Այս եւ այլ հարցերի շուրջ

«Ժողովուրդ»-ը զրուցել է Ծաղկասարի գյուղապետ Հովհաննես Աբաջյանի հետ:

-Պարո՛ն Աբաջյան, գյուղի բնակիչները ինչպե՞ս են ջեռուցում իրենց տները:

-Գոմաղբով: Գյուղը գազաֆիկացված չէ. ընդամենը 18 տուն է, եւ այն գազաֆիկացնելու համար անհրաժեշտ է 7 կմ գազատար անցկացնել, որն էլ գյուղացու համար ձեռնտու չէ: Բայց նույնիսկ այդ դեպքում էլ գյուղը 7 ամիս գազով չի տաքանա, մանավանդ որ սեփական տները այդ բարձրության վրա են գտնվում: Գյուղում ձմեռը շատ դաժան է անցնում: Ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա ենք գտնվում, ինչպե՞ս կարող է ձմեռը հանգիստ լինել:

-Այս տարի նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը: Ձեր գյուղը նույնպես խոշորացվող համայնքների ցանկում է …

-Մարդիկ հիմնականում բողոքում են համայնքների խոշորացումից, քանի որ մի հարցի համար այստեղից հասնելու են Թալին: Կտրված գյուղ է, ոչ մի տեսակի տրանսպորտ չկա, եւ այդպես 18 կմ գնալու են: Մեր գյուղը տարիներ առաջ միացել է մեկ այլ համայնքի. Մաստարայի հետ միացած ենք եղել: Համայնքների խոշորացման վատ հետեւանքները մենք մեր մաշկի վրա զգացել ենք: Մենք գիտենք, թե դա ինչ է նշանակում: Մի թղթի համար 7 կմ գնում էինք, որ վերցնենք, ու պատահում էր, որ այդ մարդը տեղում չէր լինում, ու նորից 7 կմ հետ էինք գալիս, որ հաջորդ օրը գնայինք:

-Պարո՛ն Աբաջյան, գյուղացիները պատրաստվո՞ւմ են ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

-Գյուղացու հոգսը իրեն հերիք է, նրանց բացարձակ չեն հետաքրքրում խորհրդարանական ընտրությունները: Մտածում են՝ այս ձմեռը երբ են անցկացնելու: Մարդիկ ընտրությունների թեմայի շուրջ աշխույժ չեն: Այսօր գյուղացիները փորձում են գոյատեւել, գյուղացուն հեչ պետք չէ, թե երբ են տեղի ունենալու խորհրդարանական ընտրությունները, ով է պատգամավոր դառնալու: Միեւնույն է՝ դրանցից ոչ մեկը մեր մատից փուշ չի հանում:

-Դուք ՀՀԿ-ական եք: Խորհրդարանական ընտրությունների հետ կապված հանձնարարականներ չե՞ք ստացել:

-Այո՛, ես ՀՀԿ-ական եմ դեռեւս 2001 թվականից: Պատկերացրեք, որ ես դեռ չգիտեմ, թե ով է թեկնածություն առաջադրելու: Մեր մարզում նման խոսակցություններ չեն եղել: Ոչ մի հրահանգ, հանձնարարական չենք ստացել: Ամեն դեպքում, ես ինձ թույլ չեմ տա գնամ, գյուղացուն ստիպեմ՝ գնա սրան կամ նրան ընտրի:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս